«Հայաստանյան բողոքի ցույցերին Թուրքիայի մեդիան ոչ մի կերպ չի արձագանքում». Էստուկյան
– Թուրքիայում լուսաբանո՞ւմ են Հայաստանի բողոքի ցույցերը.
– Թուրքիայի իշխանությունները վախենում են հեղաշրջման նոր փորձից.
– Էրդողանը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը պաշտպանում է թուրքական հողերը.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Կիրանց գյուղից երթ են սկսել և մայիսի 9-ից հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում և մարզերում: Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին իրենց անհամաձայնությունը հայտնած մարդիկ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և առաջարկում են ձևավորել ժամանակավոր կառավարության: Հետաքրքիր է՝ Հայաստանում թափ առած բողոքի ակցիաներն ինչպես են լուսաբանվում հարևան երկրներում:
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանին հարց ուղղեցինք, թե ինչպես են Թուրքիայում լուսաբանվում հայաստանյան իրադարձությունները։ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Թուրքիայում ոչ մի կերպ չեն արձագանքում։ Երկրի ներքին քաղաքական օրակարգն այնքան հագեցած է, որ տեղական լրատվամիջոցները ողողված են ներքին քաղաքական իրադարձություններով։ Հենց այս պահին ավարտվեց «Քրդական ազատագրական կուսակցության» դատավարությունը և բավականին լուրջ մեղադրանքներ առաջադրվեցին քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Մի կողմից խոսվում է երկրում բևեռացման նվազման, քաղաքակիրթ քաղաքական դաշտ ստեղծելու մասին, մյուս կողմից կոշտ քաղաքականություն է տարվում ընդդիմախոսների նկատմամբ։ Դրա համար էլ թուրքական մամուլն ընդհանրապես չի լուսաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու մեծ հաշվով նաև արտաքին քաղաքական իրադարձությունները։ Վրաստանի բողոքի ցույցերն ինչ-որ չափով արձագանք են գտել, բայց միայն որոշ չափով։ Տեղի բնակիչներին առանձնապես չեն հետաքրքրում արտաքին իրադարձությունները: Երկրի ներսում մարդիկ այսօր անգամ սննդի խնդիր ունեն, և, համապատասխանաբար, նրանց հետաքրքրում է բացառապես օրեցօր թափ հավաքող գնաճը: Ցածր աշխատավարձերի և կենսաթոշակների պատճառով հիմնական սննդամթերքներն արդեն անհասանելի է դարձել հասարակ քաղաքացիների համար։ Այս իրավիճակում բնական է, որ բոլոր արտաքին և ներքին այլ իրադարձությունները հետաքրքրություն չեն ներկայացնում տեղի բնակիչների համար», – նշեց Բագրատ Էստուկյանը:
Ի դեպ, վերջերս նախագահ Էրդողանը զգուշացվել էր ուժային կառույցների շարքերում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու հնարավորության մասին: Ըստ Էստուկյանի՝ «Ուղղակի աբսուրդ է, որ մի քանի ոստիկան կարող են հեղաշրջում անել Էրդողանի դեմ, դա գալիս է կառավարական շրջանակներից և «Գորշ գայլերի» ներկայացուցիչներից: Էրդողանը և «Գորշ գայլեր» կուսակցությունը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը ոստիկանությունում, բանակում և դատական համակարգում: Այս լուրը տարածվեց հայտնի հանցագործի ձերբակալությունից հետո, որը սերտ կապեր ուներ ներքին գործերի նախկին նախարարի հետ: Ներքին գործերի նոր նախարարը ձեռնամուխ է եղել «հաշիվ մաքրելուն», և այդ տեղեկատվությունը գտնվում է այդ «հաշիվ մաքրելու» տրամաբանության մեջ: Վրեժխնդրության փորձեր արվում են, բայց նախագահ Էրդողանի կամ կառավարության դեմ մահափորձն անհեթեթություն է, դա ուղղակի դերաբաշխման խնդիր է, որն այսօր տեղի է ունենում Թուրքիայում, բոլորը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը», – հավելեց «Ակոս»-ի խմբագիրը։
Մայիսի 15-ին Թուրքիայի նախագահը հանդես է եկել Իսրայելի հասցեին խիստ մեղադրանքներով: Էրդողանը հայտարարել է, որ Գազան իրենց առաջնագիծն է, իսկ ՀԱՄԱՍ-ը պաշտպանում է այդ գիծը՝ ապահովագրելով Թուրքիային: Ուստի, ըստ նրա, կարևոր է Գազայում աջակցել ՀԱՄԱՍ-ին, հակառակ դեպքում հրեաները կգան Ստամբուլ և Անկարա:
Բագրատ Էստուկյանը մեկնաբանեց Էրդողանի հայտարարությունը ՝ նշելով. «կրկին անհեթեթություն է, եթե նա պնդում է, որ Իսրայելը կարող է օկուպացնել Թուրքիան։ Ցանկացած տրամաբանությունից դուրս է, անգամ նման հավանականություն գոյություն չունի։ Այո, Իսրայելը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, և կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայում ազդեցության գոտի ունի և Թուրքիան օկուպացնելու կարիք չունի։ Նման պնդումներն ուղղված են ներքին լսարանին, Իսրայելը չի կարող օկուպացնել Թուրքիան ոչ աշխարհագրորեն, ոչ էլ ռազմավարական առումով։ Իսրայելը հեշտությամբ կարող է Թուրքիային լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, բայց նշենք, որ Թուրքիան և Իսրայելը շատ կարևոր գործընկերներ են 1948 թվականից ի վեր, և երկուսն էլ ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, քանի որ դրանք ԱՄՆ-ի գործիքներն են: Այնպես որ, գործնականում Թուրքիան և Իսրայելը, նաև այսօր նրանցից անբաժան Ադրբեջանը եղել և մնում են համագործակցող պետություններ»,- նշեց Բագրատ Էստուկյանը։
Ի հավելում Բագրատ Էստուկյանի խոսքերի, հարկ է նշել, որ թուրքական ղեկավարության նման արձագանքը Գազայի ողբերգությանը միանգամայն կանխատեսելի էր: Պատահական չէ, որ ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայաններից մեկը գտնվում է Ստամբուլում, թուրք պաշտոնյաներն ամեն կերպ օգնություն և աջակցություն են ցուցաբերում պաղեստինյան այդ խմբավորման առաջնորդներին: Հավանական է, որ Էրդողանի թշնամական հռետորաբանությունն ու հակաիսրայելական քայլերն ավելի շատ ուղղված են մահմեդական լսարանին։ Թուրքական իշխանությունները մտահոգված են նաև 2024 թվականի մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությամբ և փորձում են խաղալ հասարակության մեջ հակաիսրայելական տրամադրությունների վրա՝ ընտրողների շրջանում իրենց կորցրած դիրքերը վերականգնելու համար: Ակնհայտ է, որ այդ նույն նպատակով սանձազերծվում է նաև ներքին թշնամիներ գտնելու արշավ, երկրում սպասվում են նոր ձերբակալություններ, ուժային կառույցներում ձերբակալություններ:
Իսրայելի հետ առևտուրը սահմանափակելու թուրքական կառավարության որոշումն առաջին հերթին կազդի թուրքական պետական ընկերությունների և կորպորացիաների վրա: 2023 թվականին այդ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 7 միլիարդ դոլար, որից 5,4 միլիարդը (ավելի քան 70 տոկոսը) բաժին է ընկել թուրքական արտահանմանը։ Թել Ավիվը 13-րդ տեղում է թուրքական ապրանքներ ներկրողների շարքում։
Սակայն Անկարայի կտրուկ հայտարարությունները դժվար թե լրջորեն ազդեն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի քաղաքականության վրա։ Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի Գազայի հատվածում ուժային «կարգուկանոն հաստատելու» իր նպատակներից։ Կարելի է կարծել, որ Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը կսահմանափակվի երկկողմ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ծավալների ժամանակավոր կրճատմամբ։
Ի դեպ, Իսրայելը նույնպես որոշել է դադարեցնել առևտուրը Թուրքիայի հետ։ Ի պատասխան Թուրքիայի դիրքորոշման՝ Իսրայելի ֆինանսների նախարարությունը 100 տոկոսանոց սակագին կսահմանի բոլոր ներմուծվող թուրքական ապրանքների համար, և այդ միջոցը կգործի մինչև Էրդողանի նախագահության ավարտը: Սակայն Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ՝ Իսրայելին և Թուրքիային հետ պահելով հակամարտության սրումից։ Բայդենի վարչակազմը կօգտագործի Անկարայի և Թել Ավիվի վրա ազդելու իր բոլոր լծակները, որպեսզի կանխի տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների միջև հարաբերությունների վերջնական խզումը:
Զաբելա Ավագյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։