Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել

Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին ենթարկվում է կամայական «վերակառուցման»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Սա մի փոքր մասն է այն բոլոր հանցագործությունների, որ հեղինակել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։
Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն հանձն չառավ Շուշիի և մյուս բնակավայրերի փախստականության վերադարձի երաշխավորված իրագործումը, այլև էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածի հայությանը՝ ընդհանուր 150 հազար հայեր վերջին տարիներին վերածվել են բռնի տեղահանվածների, որոնց անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը երևէ պարագայում չի կարող անտեսվել։