Նախկին Արփի համայնքի 9 գյուղերի բնակիչները չեն հաշտվում ՏԻՄ ընտրությունների ելքի հետ
ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզում շարունակում է վիճահարույց մնալ Ամասիա կրկնակի խոշորացված համայնքի ղեկավարման հարցը: Այստեղ միավորվել են նախկինում մեկ անգամ արդեն խոշորացված Արփի և Ամասիա համայնքները:
Դեկտեմբերի 5-ին ընտրապայքարը հիմնականում դրանց նախկին ղեկավարների միջև էր: Ամասիա համայնքի նախկին ղեկավար Ջեմմա Հարությունյանից ընդամենը 18 ձայնի առավելություն ուներ Արփի համայնքի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Մերգել Ղարիբյանը: 2 ուժն էլ 6-ական մանդատ էին ստանալու, բայց Մերգել Ղարիբյանի գլխավորած թիմը մանդատներից հրաժարվեց, ավելին, ամբողջ կուսակցության ավագանու ցուցակով ինքնաբացարկ հայտնեցին:
9 անդամով ավագանի ձևավորեցին Ջեմմա Հարությունյանի ղեկավարած «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն, և համայնքի ղեկավար ընտրեցին Ջեմմա Հարությունյանին:
Ընտրությունների այս ելքի հետ չեն հաշտվում Մերգել Ղարիբյանի համակիրներն ու նախկին Արփի համայնքի 9 գյուղերի բնակիչները և պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: