Մենք այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ | Region

Մենք այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ

Մայիս 26,2024 21:03

Էս ժողովրդին չկպնեք ոչ մի ձեւով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով կառավարական ամառանոցների դիմաց կանգնած ոստիկանական ուժերին:

«Էդ սաղավարտներն  իզուր եք դրել, այստեղ ձեր քույրերն ու եղբայրներն են, ձեր հայրերն ու մայրերն են, ձեր տնեցիներն են: Իրենք ձեզ վնաս չեն տալու, վստահ եմ՝ դուք էլ նույն ձեւով եք վարվելու: Ես բռնություն եմ տեսել մի բուռ մարդկանց մասին, չեմ ուզում, որ բոլորիդ անունն այդպես գրված լինի: Մտածեք ձեր ընտանիքների, ձեր զավակների, մեր պետության մասին:  Ձեզ դիտարկում են, որպես այս ստի, կեղծիքի հենարան, բայց ոչ մարդ:

Մենք այստեղ կլինենք կարծում եմ՝ երկար ժամանակ, մինչեւ ինչ-որ ձեւով պատասխանը կգա, թե ինչպես, ինչ պայմաններում, որտեղ, ներսում, թե դրսում կհանդիպենք: Այլ տարբերակ չկա: Մենք այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

Նորություններ