Արմավիրի շատ գյուղերում չկա միջհամայնքային երթուղի ավելի քան 10 տարի
Արմավիրում տասնյակ համայնքներ զրկված են հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունից։ Սահմանամերձ գյուղերում՝ Բագարան, Երվանդաշատ, Տալվորիկ, Արտամեդ, Կողբավան, Վանանդ համայնքներում միջհամայնքային երթուղի չկա արդեն 12 տարի։
Պարբերաբար հայտարարվող մրցույթներն այս երթուղու համար չեն կայանում։ Գծատերերը ուղղությունը ոչ եկամտաբեր են համարում և հրաժարվում հայտ ներկայացնել երթուղին շահագործելու համար։ Վերը նշված գյուղերի բնակիչները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են Արմավիր կամ խոշորացված համայնքի կենտրոն՝ Բաղրամյան հասնելու համար։
Երբեմն ստիպված են լինում մինչև 25 կմ ճանապարհ ոտքով անցնել։ Խնդրի լուծման բազմաթիվ տարբերակներ են քննարկվել Արմավիրի մարզպետարանում, բայց դրանք մնացել են բանավոր խոսքի մակարդակում։
Արմավիրի նոր մարզպետը խոստանում է հետևողական լինել երթուղին շահագործելու հարցում։ Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերության անդրադարձը: