Հորդառատ անձրևների շնորհիվ Սևանա լճում ջրի մակարդակն այժմ 10 սմ-ով բարձր է, քան 2023-ին. Սանոսյան | Region

Հորդառատ անձրևների շնորհիվ Սևանա լճում ջրի մակարդակն այժմ 10 սմ-ով բարձր է, քան 2023-ին. Սանոսյան

Հունիս 05,2024 22:43

Այս տարի այլ աղբյուրներից ստացվող ջրի բավարար ծավալի շնորհիվ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար Սևանա լճից ջրառի անհրաժեշտությունն էականորեն կկրճատվի։

Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ հորդառատ անձրևների շնորհիվ Սևանա լճում ջրի մակարդակը ներկայում 1900 մ 58 սմ է, ինչը 2023 թվականի ցուցանիշից 10 սմ-ով բարձր է։

«2024 թվականի սկզբից Արփա գետից թունելով Սևանա լիճ է տեղափոխվել 121,6 միլիոն խմ ջուր, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ երկու անգամ ավելի է»,- նշել է Սանոսյանը։

Նախարարը հավելել է, որ անցյալ տարի Սևանա լճից ոռոգման համար ջրառը սկսվել է մայիսի 15-ից, սակայն այս տարի նման անհրաժեշտություն չկա։ Նա պարզաբանել է, որ Արարատյան դաշտը և մյուս մարզերը սնուցող ջրամբարներն անձրևների պատճառով այնքան են լցվել, որ մի քանիսն անգամ ստիպված են լինում ջուր բաց թողնել։

Նորություններ