ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերներն են քննարկվել
Հունիսի 6-ին Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցում կազմակերպության ձևաչափում գործունեության և փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումները:
Հատուկ ուշադրություն է դարձվել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի նախագծին:
Փաստաթղթի նախագիծը հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամների կողմից և հանձնարարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն սահմանված կարգով ներկայացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը: