Ինչ է հայտնի Իրանի նախագահի թեկնածուների մասին | Region

Ինչ է հայտնի Իրանի նախագահի թեկնածուների մասին

Հունիս 11,2024 10:48

Իրանի նախագահի թեկնածուների անունները հայտնի են, Ահմադինեժադն ու Լարիջանին ցուցակում չկան

Հայալ Մուազզին. Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի նոր նախագահի օրոք

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուների, որոնք կմասնակցեն արտահերթ նախագահական ընտրություններին: Չնայած ընտրական շտաբ դիմում ներկայացրած 278 անձանցից գրանցվել է 80 թեկնածու, սակայն բոլոր չափանիշներով ընտրվել են միայն 6-ը: Նախագահի թեկնածու են ընտրվել մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ու Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Նախագահական մրցավազքին մասնակցելու իրավունք են ստացել նաև պատգամավոր Մասուդ Պեզեշքիանը, Իրանի նախկին դատախազ Մուսթաֆա Փուրմոհամադին և փոխնախագահ Գազիզադե Հաշեմին:

Իրանցի երկու հայտնի քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները, որոնց նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը գլխավոր ինտրիգներից էր, չեն ընդգրկվել թեկնածուների վերջնական ցուցակում: Պոպուլիստ նախագահ, Հոլոքոստը ժխտող Մահմուդ Ահմադինեժադին հիշում են 2009 թվականին բողոքի ակցիաների արյունալի ճնշման համար: Իր նախագահական ժամկետի ավարտին Ահմադինեժադն ավելի ու ավելի էր մարտահրավեր նետում Խամենեիին։ Իսկ Լարիջանին մեկ անգամ չէ, որ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում՝ կապված Լարիջանի կլանի ֆինանսական և գույքային չարաշահումների հետ։

Իրանի նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցված առաջին կինը՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Զոհրե Էլահիանը հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը:

Բոլոր վեց հավակնորդները փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել կամ դեռ զբաղեցնում են: Փորձագետների կարծիքով՝ հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների՝ Ջալիլիի, Ղալիբաֆի և Զաքանիի միջև։

Իրանցի լրագրող Հայալ Մուազզինը նշել է, որ Իրանի ներկայիս նախագահական ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններն ընթանում են որոշակի տնտեսական դժվարությունների ֆոնին։ «Տնտեսությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ նոր նախագահի համար: Ժողովուրդը մեծ հույսեր է կապում թեկնածուի հետ, որը կարող է ճգնաժամից դուրս գալու և տնտեսությունը վերականգնելու իրական ուղիներ առաջարկել, ինչպես նահատակ Իբրահիմ Ռաիսին: Որովհետև նրա ղեկավարության օրոք գնաճը երկրում նվազել էր, և ժողովուրդը դա է սպասում նոր նախագահից։ Վերջին ընտրություններում ընտրողների հետաքրքրությունը քվեարկության գործընթացի նկատմամբ զգալիորեն աճել է։ Սա նաև կառավարության հանդեպ մարդկանց վստահության և կարևոր ընտրություններին նրանց ակտիվ մասնակցության ցուցանիշ է», – ասել է Հայալ Մուազզինը:

Ինչ է հայտնի թեկնածուների մասին: Բոլոր թեկնածուները կոշտ գիծ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Նրանցից երեքը բժիշկներ են՝ Պեզեշկիանը սրտաբան է, Գազիզադեն՝ քիթ-կոկորդ- ականջաբան, իսկ Զաքանին՝ միջուկային բժշկության մասնագետ։ Երեք թեկնածուները Խորասանից են՝ Ղալիբաֆը Թորքաբեից, Ջալիլին Մաշհադից և Գազիզադեն Ֆրիմենից։ Բացի Պեզեշկիանից (ծագումով իրանցի ադրբեջանցի), բոլոր թեկնածուներն էթնիկ պարսիկներ են։ Իրանի թյուրքական ժողովուրդների մեծ մասն աջակցում է Պեզեշկիանին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե նա դառնա Իրանի նախագահ, ապա թուրքերենին կարգավիճակ կտա երկրի ադրբեջանական շրջաններում:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրանի խորհրդարանի խոսնակն է և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարը: Նա չորս տարի զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, 2005-2017 թվականներին եղել Է Թեհրանի քաղաքապետ, իսկ մինչ այդ եղել է ոստիկանության պետ: Ղալիբաֆը նախագահի թեկնածու է եղել 2005, 2013 և 2017 թվականներին: 2017 թվականի ընտրություններում նա հրաժարվել է մասնակցել՝ աջակցելով Ռաիսիին, որը պարտվել է Հասան Ռոուհանիին։

Սաիդ Ջալիլին պահպանողական է, միջուկային խնդրի շուրջ նախկին գլխավոր բանակցող, ով չորս տարի ղեկավարել է Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը: Ջալիլին Ալի Խամենեիի անմիջական ներկայացուցիչն է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում:

Թեհրանի պահպանողական քաղաքապետ Ալիռեզա Զաքանին երկու անգամ առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում՝ 2013 և 2017 թվականներին:

Մասուդ Պեզեշկիանը պատգամավոր է, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարարը:

Մուսթաֆա Փուրմոհամադին կոշտ գծի կողմնակից է, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար:

Ալիզադե Հաշեմին պահպանողական քաղաքական գործիչ է, նահատակների և վետերանների հիմնադրամի ղեկավարը, Իրանի խորհրդարանի խոսնակի նախկին առաջին տեղակալը:

Իրանում արդեն սկսվել է թեկնածուների նախընտրական քարոզարշավը։   Նրանց բանավեճը ուղիղ հեռարձակվելու է ազգային հեռուստատեսությամբ.  թեկնածուները կպատասխանեն հարցերին և մանրամասն կպատմեն երկրի կառավարման իրենց ծրագրերի մասին: Առաջին բանավեճը նախատեսված է հունիսի 17-ին, իսկ հունիսի 28-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, և արդյունքում հայտնի կդառնա Իրանի նախագահի անունը:

«Անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը, կան որոշ բաներ, որոնք չեն փոխվի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ պահպանել և զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ ավելի բարձր մակարդակով: Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կզարգանան, բայց կան որոշ թշնամական ուժեր, որոնք դա չեն ցանկանում, որպեսզի Կովկասում խաղաղություն և հանգստություն լինի», – հայտարարել է իրանցի լրագրող Մուազզինը։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմաններն ու ժողովրդագրությունը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Թեհրանը հսկայական ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման համար, և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության խախտման համար:

  Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ