ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը. Ջեյմս Օ՛Բրայենը՝ Նիկոլ Փաշինյանին | Region

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը. Ջեյմս Օ՛Բրայենը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 11,2024 17:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին:

Վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:

Ջեյմս Օ՛Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

 

Նորություններ