«Բաքուն օգտվելու է աշխարհաքաղաքական դրությունից ու փորձելու է Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ». քաղաքագետ
«Նիկոլ Փաշինյանը բանակցում է, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի այս տարածաշրջանից, Հայաստանը դարձնի նվաստացած, բայց միջին միջանցքի մաս, որպեսզի ժողովուրդն ապրի անարժանապատիվ, բայց բարեկեցիկ»: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ ավելացնելով. «ընդդիմությունը պետք է հստակ այլընտրանքային ծրագիր ներկայացնի, որպեսզի մարդիկ էլ փողոց դուրս գան հստակ ծրագրի հետևից»:
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բացարձակապես մարած չէ. այլ հարց է, որ կարող է մարել, որովհետև այդ շարժումը ինչ-որ պահի ստիպված է լինելու հստակ ծրագիր ներկայացնել, նպատակը ներկայացնել. առայժմ նպատակը ներկայացնում է իշխանության հասնելը, բայց դա նպատակ չէ, միջոց է, դրանից հետո պետք է կարողանաս նպատակ ներկայացնես»,- նշեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և Հայաստանի հայտարարությանը, թե մեկ ամսում պատրաստ է ստորագրել այդ պայմանագիրը, Բաղդասարյանը հայտարարեց՝ մեկ ժամում էլ կարող է ստորագրվել, հարցի մյուս կողմն է՝ դա իրական խաղաղությունը երաշխավորող փաստաթուղթ կլինի՞, թե՞՝ ոչ:
«Ալիևը հայտարարում է, որ քանի դեռ Հայաստանը Սահմանադրությունը չի փոխել, հնարավոր չէ այդ փաստաթղթի ստորագրումը, հիմա ի՞նչ, Հայաստանը կարո՞ղ է մի ամսում փոխել Սահմանադրությունը, թե՞ հույս ունի, որ Ադրբեջանի դիրքորոշումը մեղմանալու է»,- շարունակեց Բաղդասարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն այս ընթացքում օգտվելու է աշխարհաքաղաքական դրությունից ու փորձելու է Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ:
«Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը ոչ թե չկարողանա հարձակվել և գրավել Հայաստանը, այլ իրեն թույլ չտան հարձակվել, որոհետև դա չի բխում աշխարհաքաղաքական ուժային բևեռների շահերից: Առայժմ Ադրբեջանն է կարողանում իրենց հետ խաղալ, Հայաստանը չի կարողանում, նեղացածի կեցվածքով բոլորի հետ հարաբերությունները փչացնում է»,-նշեց Արմեն Բաղդասարյանը: