Թշնամու նշանառության ներքո. ինչպե՞ս դիմակայել անվտանգային մարտահրավերներին. Region5+
Անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը շարունակում են ժամանակ առ ժամանակ հայտնվել ցնցումների մեջ:
Այս իրավիճակում Հայաստանը չունի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ: Փետրվարի 24-ին տեղի ունեցած պաշտոնանկությունից հետո նոր նշանակում դեռևս չի արվել:
Իսկ պատերազմն, ըստ էության, դեռ շարունակվում է՝ թշնամին նոր տարածքներ է զավթում: Նախորդ շաբաթ մենք ունեցանք զոհեր և վիրավորներ Արցախում: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի վրա ամրացված հենակետերում:
Հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Կառավարության նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս արձանագրումը արվել է նաև Անվտանգության խորհրդի նիստում:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս հրապարակային հայտնել են պատրաստակամություն Ադրբեջանի հետ կնքելու խաղաղության պայմանագիր, ասում են նաև, որ Ադրբեջանի կողմից փոխանցված 5 կետանոց առաջարկներում Հայաստանի համար չկա անընդունելի ոչինչ:
«Ռեգիոն 5+»-ի առանցքում անվտանգային մարտահրավերներն են, սահմանամերձ բնակավայրում տիրող իրավիճակը: Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, Արարատում, Տավուշում, ինչպե՞ս ապրել թշնամու նշանառության ներքո, սպասել խաղաղությա՞ն, թե՞ պատրաստվել պատերազմի: