Տավուշից հետո, երբ մյուս հատվածների հերթը գա, Ադրբեջանը տորպեդահարելու է գործընթացը. քաղաքագետ | Region

Տավուշից հետո, երբ մյուս հատվածների հերթը գա, Ադրբեջանը տորպեդահարելու է գործընթացը. քաղաքագետ

Հունիս 20,2024 11:19

«Տավուշում Ադրբեջանը ստանալու բան ուներ, իսկ որտեղ տալու բան ունի, տորպեդահարելու է սահմանազատման գործընթացը»: Այս մասին Region TV-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երկօրյա այցին և այնտեղ արված հայտարարություններին:

Այցի ընթացքում վարչապետն իր խոսքում ընդգծել էր, թե Ճակատենի, Ներքին Հանդի բնակիչը հարցնում է՝ հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում լինի: Հարցին` կա՞ իսկապես նման պահանջ կամ ցանկություն, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «դա բնակչության անվտանգ ապրելու պահանջ է, իսկ բուն գործընթացը՝ կարևոր, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, ուղղակի այստեղ կարևոր է, որ մեր շահերը չոտնահարվեն և սահմանազատման-սահմանագծման գործընթացում Հայաստանը չտուժի: Կիրանցի դեպքում տեսնում ենք մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ տեսականորեն, քանի որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը վերացած չէ, այժմ կրակոցներ չկան, բայց իքս պահի այն նորից կարող է բռնկվել, և այդ ժամանակ սահմանամերձ շրջանների բնակչությունը կարող է տուժել այդ գործընթացից»:

Արմեն Վարդանյան

Ըստ քաղաքագետի՝ անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն խաղաղության պայմանագրի և կոնֆլիկտի լուծման դեպքում: «Ադրբեջանին պետք է, որպեսզի ամբողջական սահմանազատում և սահմանագծում չլինի, որ ինքն ագրեսիայի հիմք ունենա, իսկ Տավուշի հատվածի մասով, որտեղ տեղի ունեցավ սահմանազատման գործընթացը, Ադրբեջանը ներքին լսարանին ցույց տալու բան ուներ փիառի տեսանկյունից, իբր մենք ինչպես ասում ենք, Հայաստանը համաձայնում է, կամ առանց կրակոցի հետ ենք բերում մեր հողերը: Հիմա, երբ մյուս հատվածների հերթը գա, Ադրբեջանը տորպեդահարելու է գործընթացը, նույնը Սյունիքում, որտեղ իրենք զգալիորեն արդեն մխրճվել են Հայաստանի տարածքի մեջ»,-ավելացրեց Վարդանյանը:

Իրատեսական համարու՞մ է արդյոք քաղաքական վերլուծաբանը անվտանգության խնդրի լուծումն այն տարածքներում, որտեղ Հայաստանը ռազմավարական կորուստներ ունի և Ադրբեջանը դիտարկման տակ է առել հայկական բնակավայրերը` Ճակատենի, Սրաշենի,Ներքին Հանդի ուղղությամբ:

«Ներքին Հանդի գլխին նստած են ադրբեջանցիք, մենք խոցելի ենք այդ հատվածում, բայց չեն մտնում, որովհետև արևմուտքից հստակ մեսիջներ են ստացել, որ Հայաստանի տարածք ներխուժելն իրենց համար լուրջ խնդիրներ է բերելու»,-նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ներխուժում չի լինելու այդ բնակավայրեր, բայց կրակոցներ կամ մարդկանց բնականոն հունով ապրել թույլ չտալը    հնարավոր է:

Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց նաև Սյունիքում Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր հանրաքվեին, անկլավներին ու խաչքարերին վերաբերող հայտարարությունների վերաբերյալ:

«Իշխանությունը նոր կուրս է վերցրել, խաղաղության գործընթացի է գնում, դրա համար գնացին սահմանազատման և սահմանագծման Տավուշի մարզում, ամեն ինչ արվում է, որ գոնե աոաջիկա մի քանի տարիներին Հայաստանը զերծ պահեն պատերազմներից: Ինչ վերաբերում է խաչքարերին, ինձ թվում է այլաբանություն կա այդտեղ, ավելի շատ որ նոր զոհեր չունենանք, ամեն քայլափոխի չլինեն զոհված զինծառայողների հետ կապված նոր խաչքարեր, դրա համար էլ փորձում են խուսափել այդ քայլերից»,-եզրափակեց քաղաքագետը:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ