«Վիլայաթ Խորասան» ահшբեկչшկան խմբավորումը գովաբանել է Կովկասի «եղբայրներին» Դաղստանի шհшբեկչությունների համար | Region

«Վիլայաթ Խորասան» ահшբեկչшկան խմբավորումը գովաբանել է Կովկասի «եղբայրներին» Դաղստանի шհшբեկչությունների համար

Հունիս 25,2024 22:04

Ահшբեկչություններ Դաղստանում. զпհվել է 20 մարդ, այդ թվում՝ քահանա

Զինյալների մեջ են եղել բարձրաստիճան պաշտոնյայի որդիները

 -Շրջանի ղեկավարը հայտարարել է՝ տեղյակ է եղել, որ իր երեխաները վահաբիստներ են

2024 թվականի հունիսի 23-ի երեկոյան Դերբենտում և Մախաչկալայում զինված անձինք հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։ Հարձակման ժամանակ եկեղեցում պատարագ է մատուցվել Սուրբ Երրորդության տոնի առթիվ. այնտեղ եղել է մոտ 40 ծխական, սակայն նրանց հաջողվել է խուսափել ահաբեկիչների հարձակումից: Ահաբեկիչները նախ հրկիզել են հրեական սինագոգը, ապա Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցում դանակահարել 66-ամյա ավագ քահանա Նիկոլայ Կոտելնիկովին:

Ինչպես հայտնել է Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը. «Մախաչկալայում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Ցավոք, 20 մարդ է զոհվել՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական անձինք»: Սինագոգի և եկեղեցիների վրա զինված գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների 16 աշխատակիցներ, ինչպես նաև չորս քաղաքացիական անձինք: Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկու զինված տղամարդ է սպանվել Դերբենտում, երեքը՝ Մախաչկալայում։ Իրավապահ մարմինները փնտրում են ահաբեկիչների հանցակիցներին։

«Անշուշտ, մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետևում։ Մենք հասկանում ենք, թե ինչ նպատակի են կազմակերպիչները փորձել հասնել»,- ասել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Նա խոստացել է, որ կբացահայտվեն բոլոր «քնած բջիջները», որոնք պատրաստվել են նաև արտասահմանից։ ՏԱՍՍ-ի աղբյուրը պնդում է, որ ահաբեկչություններ իրականացրած զինյալները միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդներ են:

Ըստ Baza-ի, հարձակվողների թվում են Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի երկու որդիները, Օսման և Ադիլ Օմարովները, ինչպես նաև նրա եղբորորդին՝ Աբդուսամադ Ամաձիևը: Հարձակումից հետո Սերգոկալինսկի շրջանի ղեկավարին ձերբակալել են, նրան հեռացրել են «Միասնական Ռուսաստանից»՝ կուսակցությունը վարկաբեկող գործողությունների համար։ Նշվում է, որ գրոհայիններից մեկը զբաղեցրել է Սերգոկալինսկի շրջանում «Արդար Ռուսաստան» կուսակցության մասնաճյուղի խորհրդի նախագահի պաշտոնը:

Հարցաքննության ժամանակ շրջանի ղեկավարը հայտարարել է, որ մի քանի տարի իմացել է, որ իր երեխաները վահաբիստներ են, գրում է Baza-ն։  «Մագոմեդն ունի 8 որդի։ Տղամարդը քննությանը պատմել է, որ իր որդիներից մի քանիսը, ինչպես նաեւ եղբորորդին վահաբիստներ են եղել, ընդ որում՝ նրանցից ամենաարմատականը Օսմանն է եղել։ Նրա խոսքով՝ մյուս եղբայրներն ու բարեկամները նրանց չեն աջակցել։ Վերջին տարիներին Օմարովն իբր չի շփվել որդիների հետ։ Հարցաքննության ժամանակ պաշտոնյան հավաստիացրել է քննիչներին, որ իրեն այդ շարժման անդամ չի համարում»,-նշում է տելեգրամյան ալիքը։ Ընդ որում՝ Մագոմեդ Օմարովի մտերիմ ծանոթը պատմել է, որ պաշտոնյայի որդիներին, որոնք մասնակցել են Մախաչկալայի   հարձակումներին, հնարավոր է, որ հավաքագրել են նրանց մերձավոր ազգականների միջոցով։ «Գիտեմ Մագոմեդի երկու ավագ որդիներին, լավ տղաներ են։ Իսկ հարձակվողները կրտսեր եղբայրներն են։  Նրանք կարող էին լինել հավաքագրված հարազատների ազդեցության տակ» Նա հավելել է, որ Դաղստանում նախկինի պես խնդիր կա վահաբիստների «քնած բջիջների» եւ երիտասարդության վրա արմատական քարոզիչների մեծ ազդեցության հետ կապված:

ՏԱՍՍ-ի և RBC-ի աղբյուրները պնդում են, որ Դերբենդի և Մախաչկալայի վրա հարձակվողները միջազգային իսլամիստական ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են։ «Դատելով հարձակվողների գործողություններից, նրանց բղավոցներից և արտաքին տեսքից՝ ահաբեկիչները պատկանում են իսլամիստական ահաբեկչական կազմակերպությանը»,-RBC-ին հայտնել է աղբյուրը։

«Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը գովաբանել է Կովկասի  «եղբայրներին» Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների համար: Դրան ուշադրություն են դարձրել Khorasan Diary-ի լրագրողները։  Հայտարարության մեջ ասվում է. «Կովկասի մեր եղբայրները ցույց են տվել, որ իրենք դեռ ուժեղ են, նրանք ցույց են տվել, թե ինչի են ընդունակ»:

Դաղստանյան լրատվամիջոցները պնդում են, որ սպանված զինյալների թվում է խառը մենամարտերի մարտիկ 28-ամյա Հաջիմուրադ Կագիրովը, Հաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի դպրոցի սան:

Այն մասին, որ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունն արտասահմանից մանրակրկիտ ծրագրված ցինիկ սադրանք է, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը: 

Վալենտինա Մատվիենկոն հիշեցրել է, որ հակառակորդը փնտրում է ցանկացած միջոց, որպեսզի փորձի խուճապ և տարաձայնություն սերմանել: «Ուստի հիմա չափազանց կարևոր է համախմբվել և չտրվել էմոցիաներին։  Կարծում եմ, որ մեզ համար գլխավոր պաշտպանական մեխանիզմը հստակ գիտակցումն է, որ տեղի ունեցածը ոչ մի օբյեկտիվ նախադրյալ չունի, խորթ է մեզ համար և հանդիսանում է բացարձակ ցինիկ սադրանք: Մեր թշնամիների կողմից արտասահմանից խնամքով ծրագրված, նրանց կողմից ֆինանսավորված սադրանքը հենց նրա համար, որ երկպառակություն սերմանեն։ Դա նրանց ծրագիրն է։ Եվ մենք անընդհատ պետք է դա հիշենք: Չկարողանալով Ռուսաստանին պարտության մատնել դրսից, հակառակորդը փնտրում է մեր հասարակությունը ներսից պայթեցնելու ցանկացած միջոց»,-հայտարարել է Մատվիենկոն:

 

  Զաբելա Ավագյան     

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ