Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա,
Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։
Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար և ինչ-որ առումով, իհարկե, առանձնահատուկ։ Մենք պահպանել ենք ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը։ Երկու երկրների առաջնորդների համանախագահությամբ այս տարեսկզբին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների 13-րդ նիստը, իսկ մարտին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ակտիվ են եղել նաև միջխորհրդարանական կապերը, շփումները, որոնք ևս շատ մեծ նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման համար։
Բայց նաև տարին առանձնահատուկ է և անձամբ ինձ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։ Պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունների բովանդակությունը սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը, իհարկե, շատ ուրախալի է։
Հիրավի սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ։ Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, որի մասին խոսեցի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել թե՛ գործարար, թե՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը:
Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային հարթակներում, բազմակողմ հարթակներում, որտեղ մենք կարող ենք արդեն ասել և Դուք էլ, հարգելի՛ պարոն նախարար, խոսեցիք այդ մասին, մեր ելույթներով, քվեարկություններով, շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը և որոնք ազդում են նաև մեր երկրների վրա:
Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել և դուք վստահաբար տեղյակ եք այդ մասին, ինքներդ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ և մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ։
Նաև ուզում եմ կարճ անդրադառնալ տարածաշրջանային մյուս հարցերին: Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և պատրաստ ենք նաև այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, այս ամբողջական կարգավորմանն ընդառաջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, պայմանավորված քայլերի իրականացմանը։ Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Մենք ունենք արդեն ասացի, պայմանավորվածություններ և մենք կարծում ենք, որ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա, ինչպես ասում են, իրականություն դառնան։
Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը Ձեր կողմից ողջունելը, գործընթաց, որը տեղի է ունենում, երբ երկու կողմերը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները (վարչական սահմանները) վերածվեցին միջպետական սահմանների։ Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը։ Սրան զուգահեռ, ինչպես ասացիք, հարգելի՛ պարոն նախարար, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և ինչպես նախկինում, այս պահից հետո ևս, նաև այս պահին Հայաստանը շարունակում է շատ կառուղուցողական դիրքորոշում ունենալ և ներգրավված լինել այս հարցում։
Ուզում եմ նաև առանձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։ Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար։ Եվ ավելին, կարծում ենք, որ այդ դեպքում այդ ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնան տարածաշրջանում։ Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, շատ հետաքրքրական փաստ է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացրել է հենց Թբիլիսիում համաժողովի շրջանակներում։
Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ, հարգելի՛ ընկեր, սիրելի՛ ընկեր, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր համագործակցության համար և ջերմ ընդունելության համար։ Եվ ուզում եմ, իհարկե, առիթից օգտվելով, հրավիրել Ձեզ, պարոն նախարար, ցանկացած Ձեզ հարմար ժամանակ այցելել Երևան։