Վայոց ձորի կանայք զբաղվում են մեղվաբուծությամբ, բայց նրանց գործը վտանգված է
Տիկին Հասմիկը Շատինից է տեղափոխվել Սևաժայռ և ամուսնու հետ այս տեսարժան վայրում ստեղծել իր տնտեսությունը։ Զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ ու մեղվաբուծությամբ։ Հաճույքով է աշխատում ժրաջան մեղուների հետ, հետևում նրանց աշխատանքին, պատմում օրվա ծանրաբեռնված գրաֆիկի, դժվարությունների ու նաև հոգսաշատ կյանքի մասին։ Հասմիկը առողջական խնդիրներ ունի, բայց դա չի խանգարում հոգալ ձմռան ապրուստը։
Տիկին Գայանեն էլ, ով Արփիից է տեղափոխվել Հերմոն, համատեղում է բիզնեսն ու հոբբին։ Մի քանի մեղվաընտանիք նվեր են ստացել, իսկ մեղվափեթակներն էլ գնել են Ագրո լիզինգի միջոցով: Այժմ հիվանդությունը հաղթահարելով՝ զբաղվում է մեղվաբուծությամբ:
Սակայն կանանց գործը վտանգված է, քանի որ արջերը լուրջ սպառնալիք են դարձել տնտեսության զարգացման համար։ Թեև ձայնային և լուսային փշալարերով են պատել տարածքները, բայց մեծ հաշվով դա էլ չի լուծում խնդիրը։
Նկարահանումը՝ հեռախոսով
Վերջերս արջը մտել է տիկին Հասմիկի հողատարածք, քանդել հավաբնի պատն ու կերել հավերին։ Արջը վնասել է նաև մեղվափեթակները։ Հասմիկը զրույցի ընթացքում հուզվում է, լուրջ վնասներ են կրել։ Դիմել են համայնքապետարան, սակայն անարդյունք։
Չնայած առկա խնդիրներին կանայք չեն հուսալքվում։ Նույն քրտնաջանությամբ շարունակում են աշխատել և զարգացնել իրենց հիմնած բիզնեսը։
Արևիկ Դանիելյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)