Հաստատվել է ջրհեղեղից տուժած անձանց փոխհատուցման կարգը. իրավիճակը Լոռիում աղետից 1 շաբաթ անց՝ ամփոփ տեսանյութով
Օրերս կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Կարգավորման շրջանակում այս փուլում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները:
Նշենք, որ Ալավերդիում ամենաշատը տուժել էին Դեբեդի ափին գտնվող շենքերի բնակիչները, առավել ստույգ՝ առաջին հարկերում բնակվող քաղաքացիները:
Իսկ Ախթալայում, որը որոշ ժամանակ զրկվել էր արտաքին աշխարհի հետ կապից, առավել շատ տուժել էին կայարանի մոտ գտնվող տների բնակիչները:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Լոռու մարզի 6 և Տավուշի մարզի 3 համայնքներ (39 բնակավայր) աղետի գոտի էին ճանաչվել:
REGIONSTV-ն մեկ տեսանյութում ներկայացնում է Լոռու մարզում ստեղծված իրավիճակն աղետից 1 շաբաթ անց: