Հայաստանին մե՛կ սպառնալով, մե՛կ սիրաշահելով փորձում են մաքսիմումը կորզել. քաղաքագետ | Region

Հայաստանին մե՛կ սպառնալով, մե՛կ սիրաշահելով փորձում են մաքսիմումը կորզել. քաղաքագետ

Հուլիս 09,2024 21:35

«Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերությունների կողմ է Բաքվի հետ դաշինքով, Հայաստանին մե՛կ սպառնալով, մե՛կ սիրաշահելով փորձում են մաքսիմումը կորզել»: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ այս պահին Թուրքիան Հայաստանին սիրաշահելու անհրաժեշտություն չի տեսնում, դրա համար հարաբերություններ չկան:

«Թուրքիան ասում է՝ կատարեք Ադրբեջանի պահանջները, մենք կընդունենք, հայկական կողմն էլ կատարում է: Հայ-թուրքական հարբերություններն առաջ չեն գնա, քանի դեռ Ադրբեջանը մաքսիմումը չի կորզել»,-ավելացրեց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանի անունից բանակցող պաշտոնյաները չեն ներկայացնում Հայաստանի շահը, ընդամենը փորձում են փաթեթավորել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն ու կոտրել հանրության դիմադրողականությունը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու մասին Հայաստանում սկսված խոսակցությանը, քաղաքագետն արձագանքեց. «Այս իշխանությունը տարբեր օղակներով մեկ խոսում է ԵՄ-ին միանալու մասին, մեկ հերքում է, որ նման հանրաքվե կարող է լինել, բայց այս բոլոր զրույցների իրական նպատակը գոյություն ունեցող խնդրահարույց հարցերից հանրության ուշադրությունը շեղելն է»:

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի մասին, քաղաքագետը նշեց՝ սրբազան պայքարը կարող է օգնել Հայաստանին բռնել վերականգման ուղին ու ստանալ իրական խաղաղություն:

«Լիահույս եմ, որ շարժման առջև դրված նպատակները կլուծվեն, որովհետև դա է պահանջում Հայաստանի կենսական շահը, չլինի դա, ցավոք սրտի, մենք կորցնելու ենք մեր պետությունը»,-հայտարարեց վերլուծաբանը:

 

Նորություններ