Վարդենիս համայնքի նորակոչիկները զինվորագրվեցին Հայոց բանակին
Այսօր մարդաշատ էր Վարդենիսի զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Հայոց բանակ էին մեկնում վարդենիսցի երիտասարդները, որոնք օրեր անց համալրելու են ՀՀ զինված ուժերի շարքերը:
Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքներին:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Վարդենիսի բաժանմունքում հաշվառված նորակոչիկները, որոնք Վարդենիս քաղաքից և հարակից բնակավայրերից են, անցան բժշկական զննություն, կատարվեցին վերջին փաստաթղթային գործողությունները:
Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Վարդենիս համայնքի նորակոչիկները գնում են իրենց պարտքը հայրենիքին տալու:
Նորակոչիկներին նաև հորդորներ ուղղվեցին՝ բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կատարել իրենց առջև դրված պարտականությունները և բարձր պահել հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Վարդենիսը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով:
Հարություն Հարությունյան