2 մշտական բնակիչ ունեցող Սևաժայռը՝ սարվորների գյուղ
Հուլիս 12,2024 20:20
1989 թվականին դատարկված Սևաժայռ գյուղում այդպես էլ վերաբնակեցում տեղի չունեցավ: Բնակավայրում հաստատվեցին հիմնականում անասուններն արոտատեղեր տանող ընտանիքները, որոնք եկել էին Եղեգնաձոր, Շատին, Եղեգիս բնակավայրերից:
Անասնապահության համար պայմաններն այստեղ նպաստավոր են: Շատինցի Հասմիկ Պողոսյանն է պատմում, որ սկզբում շատ ընտանիքներ էին գալիս, մնում մինչև արածեցման սեզոնի ավարտը: Հետո քչացան, հիմա Սևաժայռում հազիվ 15 տան դուռ է բացվում գարնանը: Միայն Էմմա տատն է, որ որդու հետ միշտ գյուղում է: Նրա կողքին լինելու, ընկերակցելու համար են նաև ոմանք գյուղ գալիս: Անասուններին բերում են, արածեցնում, կաթը մշակում, վաճառում: Մի խոսքով, ապրում սարեցու կյանքով` քաղաքակրթությունից հեռու` առանց խանութի, դպրոցի ու բուժկետի: