Իրանի կառուցվածքը իմանալով՝ կարծում եմ՝ Փեզեշքիանի ընտրությունից Բաքվում ոգևորվածները շուտով կհուսալքվեն. Բեգլարյան
Կարո՞ղ է արդյոք նոր թափ հավաքել տարածաշրջանային 3+3 ձևաչափը՝ հաշվի առնելով Իրանում քաղաքական փոփոխությունները: Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Իրանի համար այս ֆորմատը կարևոր է այնքանով, որ արտատարածաշրջանային ուժեր Հարավային Կովկասում չի ցանկանում տեսնել:
«Այս պահին տեսնում ենք սառեցված իրավիճակ, դա որոշ չափով պայմանավորված է տարածաշրջանի անցուդարձով, ինչու ոչ, նաև Իրանի նախագահի փոփոխությամբ: Նկատի ունենալով վերջին շաբաթներին արևմտյան ուժերի ակտիվությունը Հայաստանում՝ դա կարող է Իրանին մղել ավելի հստակեցնումներ անել և ճշտել քաղաքականությունը»,-նշեց Բեգլարյանը:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քննարկումներում այս պահին ակտիվ է Վաշինգտոնը, հնարավո՞ր է արդյոք, որ Թեհրանը փորձի միջամտել ու հարցի քննարկումը տարածաշրջան տեղափոխել:
Իրանը, Բեգլարյանի խոսքով, կարող է սպասել մինչև ԱՄՆ նախագահական ընդրություններ, հետո միայն հստակեցնել իր քայլերի տրամաբանությունը:
Ինչ վերաբերում է Փեզեշքիանի ընտրությունից հետո Բաքվում տիրող ոգևորությանը, թե նա էթնիկ ադրբեջանցի է, Բեգլարյանն ընդգծեց.
«Իրանի ներքաղաքական կառուցվածքը ճանաչելով և իր ընդհանուր պատմական-քաղաքակրթական հոլովույթը նկատի առնելով՝ ես կարծում եմ՝ ադրբեջանցիք շատ շուտով նորից կհուսալքվեն»: