Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՀՀ ՔԿ | Region

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՀՀ ՔԿ

Հուլիս 13,2024 16:33

Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել, որի ընթացքում նշել է, որ բողոք չունի։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային այլ գործողություններ` հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել է ՔԿ-ի խոսնակը՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անձը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

Ավելի վաղ, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ տեղի ունեցած դեպքի օրը ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

«Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», – մանրամասնել էր Նարեկ Սարգսյանը։

Նորություններ