Բրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայից | Region

Բրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայից

Հուլիս 15,2024 17:35

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ դասարան) ու Տաթև Սիմոնյանը (11-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Փերիխանյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Կարապետյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Տաթև Սիմոնյանը և Հակոբ Փերիխանյանը։

Օլիմպիադայի 7 օրերի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա) աշխատանքներ։

Թիմը ղեկավարել են կենսաբանության միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող Գայանե Ղուկասյանը, ինչպես նաև Սեդա Մարությանը՝ ԵՊՀ-ից, Գևորգ Ավանեսյանը՝ ԵՊԲՀ-ից, Եվա Սողոյանը՝ «Այբ» դպրոցից։

Նորություններ