Բոլորը հասկանում են, որ էթնիկ զտման ենթարկված ժողովրդի խնդիրը դառնալու է պայթյունի օղակ. Դիվանագետ
Արցախահայության սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը մի խնդիր է, որն ամրագրված է միջազգային իրավունքով: REGIONSTV-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին Հայաստանի իշխանությունը չի խոսում, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ինչ-ինչ հանձնառություններ ունի ստանձնած:
«Բոլորը շատ լավ հասկանում են, որ բռնի տեղահաման միջոցով էթնիկ զտման ենթարկված ժողովուրդը, ինչը ցեղասպանական գործողություն է, չի կարող մոռացության տալ իր հետ կատավածը, էջը փակել ու գնալ»,-նշեց Աղաջանյանը:
Ըստ նրա՝ Իրանի դեսպանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար պետք է արժանապատիվ և հավասարակշիռ քաղաքականության միջոցով իրավիճակ հաստատել, որտեղ պարտադիր է արցախահայերի սեփական հայրենիքում պատկան կարգավիճակով լինելու հանգամանքը, այլապես, ինչպես դեսպանն է ճիշտ նշում, այդ խնդիրը դառնալու է բաց վերք, որը անընդհատ պայթյունի օղակ է դառնալու: