Վանք գյուղից տեղահանված բազմազավակ ընտանիքը հաստատվել է Գյումրիում. 2 ամսական դուստրը ծնվել է Արցախում
Արցախից բռնի տեղահանված 3922 մարդ հաստատվել է Շիրակի մարզի 6 համայնքներում: Նրանցից 2621-ը՝ 632 ընտանիք, ապրում է Գյումրի քաղաքում: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: Մարզպետի խոսքով`մարզի հյուրանոցներում այժմ 31 քաղաքացի է բնակվում, նրանք հիմնականում 1 կամ 2 անձից բաղկացած ընտանիքներ են:
Մուշեղ Մուրադյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում այդ ընտանիքներին նույնպես վարձակալած բնակարաններում տեղավորելու ուղղությամբ, որպեսզի կարողանան օգտվել պետական աջակցության ծրագրերից: Իսկ նրանք, ովքեր արդեն պետության վարձակալած բնակարաններում են, փորձում են հարմարվել նոր կենսապայմաններին:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղից տեղահանված Նորիկ Ավագյանը կնոջ և 8 զավակների հետ Գյումրիում է տեղավորվել: Բազմաթիվ դժվարություններից հետո Ավագյանների կյանքը կարծես բնականոն ընթացք է ստացել: Բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել՝ Գյումրիում են հաստատվելու, թե՝ ոչ: