Երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում. Բագրատ Սրբազան | Region

Երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում. Բագրատ Սրբազան

Հուլիս 18,2024 22:19

«Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։ Եվ երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում»։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը Հայաստանին, Հայաստանն էլ Ադրբեջանին է մեղադրում հերթական հանդիպումից հրաժարվելու համար:

«Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նա նաև հիշեցրեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Բլինքենի մասնակցությամբ: «Այդ ի՞նչ են քննարկել, որ դրան անմիջապես հաջորդում է երկու երկրների ղեկավարների փոխադարձ մեղադրանքները՝ մեկը ասում է՝ դու ես հրաժարվել, մյուսը ասում է՝ չէ, դու ես հրաժարվել։ Ուրեմն՝ բանակցություն չկա»։

Բագրատ Սրբազանի խոսքով ՝ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի օրակարգն է, այլ աշխարհաքաղաքական ուժերի, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում՝ Հայաստանում. «Եթե Հայաստանը չի կարողանում իր հակառակորդի կամ թշնամու հետ բանակցության խնդիր լուծել, ի՞նչ խնդիր պիտի լուծի ուրիշ հարցերում»։

 

Նորություններ