Բաքուն «ֆրանսիական գաղութների անկախության համար» համագումար է կազմակերպել. ակնհայտ է Ալիևի ռեժիմի ցինիզմը | Region

Բաքուն «ֆրանսիական գաղութների անկախության համար» համագումար է կազմակերպել. ակնհայտ է Ալիևի ռեժիմի ցինիզմը

Հուլիս 21,2024 15:05

Բաքուն հիասթափված է ֆրանսիացիներից՝ Երևանին աջակցելու համար  

Հանցանքների մեջ թաթախված ալիևյան ռեժիմը քննարկում է Ֆրանսիայի մեղքերը  

Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և հայ ժողովրդի դեմ

Ադրբեջանը շարունակում է խառնակել Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակը՝ ի պատասխան Փարիզի և Երևանի մերձեցման: Մինչ Ֆրանսիայում կուսակցությունները փորձում են պայմանավորվել նոր վարչապետի պաշտոնում միասնական թեկնածի շուրջ և ավարտվում են Օլիմպիական խաղերի վերջին նախապատրաստությունները, Բաքվում կրկին բարձրացնում են Փարիզի անդրծովյան տարածքների՝ մայր երկրից անջատվելու հարցը՝ կրկին հարթակ տրամադրելով այդ տարածքների գործիչներին:

Սակայն Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման պատճառները կապված են ոչ այնքան Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Բաքվի մտահոգության հետ: Փարիզը, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, աջակցել է Երևանին ԼՂ հակամարտության հարցում։ Ֆրանսիան հայտարարել և ընդունել է բանաձևեր՝ ի աջակցություն Արցախի հայ բնակչության։ Այսօր Փարիզի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը որակական նոր մակարդակի է հասել։ Փարիզը Հայաստանին հրետանային սպառազինություն է մատակարարում։ Այս համատեքստում Ֆրանսիայի և Հայաստանի ռազմական համագործակցությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի մոտ:

Ըստ Ազերթաջի, հուլիսի 17-18-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ապագաղութացման կողմնակիցների համագումարը, որը միավորել է Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող ավելի քան 15 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ:

Համագումարի արդյունքներով որոշում է ընդունվել «Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատ» ստեղծելու մասին: Ֆրանսիայի և Նիդերլանդների 17 «գաղութների» պաշտոնատար անձինք ստորագրել են ամփոփիչ հռչակագիրը: Հռչակագրում ընդգծվում է «Ադրբեջանի կարևոր դերը ապագաղութացման գործընթացում», ինչպես նաև նրա աջակցությունն ու հանձնառությունն այդ տարածքների ազատագրական պայքարին: Բաքվի նենգ գաղափարն է միջազգային հանրությանը ներկայացնել բնիկ ժողովուրդների դեմ Մակրոնի կառավարության իրականացրած բազմաթիվ «հանցագործությունները»:

Հետաքրքիր է, որ այս անգամ բաժին հասավ նաև Նիդերլանդներին. համագումարին որպես պատվավոր հյուրեր մասնակցեցին 3 կազմակերպություններ Բոնայրե և Սինտ Մարտեն կղզիներից, որոնք Նիդերլանդների տարածքներն են: Բաքվի ռեժիմն արդեն մեկ տարուց ավելի է աջակցում է «գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին»։

Ադրբեջանի նախագահն իր հայատյացության մեջ պատրաստ է գնալ ամենաանհեթեթ քայլերի։ Նա բաց տեղեկատվական պատերազմ սկսեց Ֆրանսիայի դեմ, որը միջուկային տերություն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և Եվրամիության առաջատար երկիր։ Ալիևը փորձում է աջակցել բոլոր տեսակի անջատողական շարժումներին, թշնամանքի սերմեր ցանել նախկին ֆրանսիական գաղութներում՝ նրանց Փարիզի դեմ տրամադրելու և Ֆրանսիայի միջազգային իմիջը փչացնելու նպատակով:

Իլհամ Ալիևի ռեժիմի ցինիզմն ակնհայտ է։ Ադրբեջանն աջակցում է անջատողականներին Ֆրանսիայում և Նիդերլանդներում, սակայն պատերազմական հանցագործություններ է կատարում Արցախի ժողովրդի դեմ, որն ավելի քան 30 տարի պայքարել է Ադրբեջանից անկախանալու համար: Ադրբեջանը բազմիցս հանցագործություններ է կատարել հայ ժողովրդի դեմ և մարդկության դեմ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնությամբ ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհերը դարձան Սումգայիթի հայերը: 1988 թվականի փետրվարի 26-ին, ի պատասխան արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման ձգտման, Սումգայիթում հայկական ջարդերի ալիք սկսվեց, որն ուղեկցվեց դաժանությամբ, սպանություններով, աննախադեպ բռնություններով ու թալանով:

Իսկ 1990թ. հունվարի 12-13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում բացահայտ կազմակերպվեցին ու լայն տարածում գտան հայերի ջարդերն ու թալանը: Բաքվում բռնաբարում էին աղջիկներին ու կանանց, դուրս նետում պատուհաններից ու ողջ-ողջ այրում։  Տղամարդիկ, կանայք, երեխաները, ծերերը սպանվում էին փայտերով և քարերով: Տարբեր գնահատականներով՝ այդ օրերին Բաքվում մի քանի հարյուրից հազար մարդ է սպանվել։

Հարկ է նշել, որ Ադրբեջանում հակահայկական ատելության քարոզն իրականացվում է պետական մակարդակով։ Արդյունքում ադրբեջանցի զինվորներն առանձնակի դաժանություն են ցուցաբերում մարտական գործողությունների ժամանակ, խախտում են Մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաները, հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում, իսկ դիակի խոշտանգումը դրական է գնահատվում ժամանակակից ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանի կողմից սկսված պատերազմների ընթացքում ադրբեջանցի զինվորականներն ու Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկանները վայրագություններ են գործել հայ զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք ադրբեջանական օգտատերերի կողմից ակտիվորեն տարածվել են սոցիալական ցանցերում՝ զինվորների գլխատում, ականջ կտրել, ռազմագերիների գնդակահարություններ/սպանություններ, հայ զինվորների դիակների խոշտանգումներ։ Իսկ քառօրյա պատերազմի ժամանակ շարքային Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցին արժանացել է պետական պարգևների:

Այս ագրեսիայի գագաթնակետը 2020 թվականին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական 44-օրյա պատերազմն էր, որի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Առանց դատավարության մահապատիժները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը, գույքի ոչնչացումը, ապօրինի տեղահանումը և պատանդառությունը սովորական էին դարձել: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Արցախի քաղաքներն ու գյուղերը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Forbes-ը նյութ էր հրապարակել  44-օրյա պատերազմի մասին՝ պնդելով, որ Ադրբեջանն օգտագործել է կասետային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, ֆոսֆորային ռումբեր, որոնք այրել են անտառները՝ լուրջ վնասվածքներ պատճառելով զինվորներին և խաղաղ բնակիչներին:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած 9 ամիս շարունակ Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը, իսկ սեպտեմբերի 19-ին սկսվեց Ադրբեջանի զինված ագրեսիան, որի ընթացքում տեղի ունեցան հրետակոծություններ Ստեփանակերտի, Արցախի մյուս քաղաքների և գյուղերի ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար էթնիկ հայեր լքել են տարածաշրջանը՝ չցանկանալով ապրել Ադրբեջանում՝ էթնիկ հետապնդումների վախի պատճառով:

Արցախի և Հայաստանի ՄԻՊ գրասենյակները մանրամասն զեկույցներ են ներկայացրել ՄԻԵԴ՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայերի նկատմամբ իրականացված բազմաթիվ վայրագությունների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել իրականացրած հանցագործությունների համար:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին բոլոր կարևոր հարցերում: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել հայերի իրավունքները, այդ թվում՝ նրանց՝ սեփական տները վերադառնալու իրավունքի իրացումը: Սակայն ադրբեջանցիների հետ ապրել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շատ ակտիվ շարունակվում է հակահայկական քարոզչությունը։ Շարունակվում է նաև Ադրբեջանի ագրեսիվ ռազմական հռետորաբանությունը, ուստի Ադրբեջանը սպառնալիք է Հայաստանի և հայերի անվտանգության համար:

 

                                                                                     Զաբելա Ավագյան     

Նորություններ