Գորիսեցի Սեյրան Համբարձումյանը՝ միջազգային մրցույթ փառատոնի հաղթող
Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սան Աեյրան Համբարձումյանն օրեր առաջ Երևանի կոմպոզիտորների միության մեծ դահլիճի բեմում էր, և մասնակցում էր «Յունիվերս Արտ 2024» միջազգային երաժշտական փառատոնին։
«Արդեն երրորդ տարին անցկացվող փառատոնի նպատակը նոր տաղանդներ հայտնաբերելն է, որն էլ սիրով կազմակերպում ենք»,-բացման խոսքում նշեց կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը։
«Մրցույթն առկա էր նաև օնլայն ձևաչափով, մենք էլ որոշեցինք հայտ ներկայացնել և հեռավար մասնակցել մրցույթին, տվյալներին կից թողեցի Սեյրանի տեսանյութը»,-պատմում է ուսուցիչը՝ Նարեկ Մկրտունցը։
Հայտն ուղարկելուց հետո` հուլիսի 19-ին հաղորդագրություն են ստացել, որ պետք է ներկա լինեն գալա համերգին և Սեյրանը պետք է երգի: «Ոչ բոլորին էր հնարավորություն տրվել երգել համերգին, միայն Սեյրանն էր, որ ժողովրդական ժանրով հանդես եկավ»,-հպարտությամբ պատմում է ուսուցիչը։
Սեյրանը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը, նրան շնորհեցին մեդալ ու դիպլոմ, իսկ Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցը շնորհակալագրի արժանացավ։
«Սյունիքի մարզից միայն մենք էինք մասնակցում։ Իմ 3 տարվա քրտնաջան աշխատանքի մեջ սա 11-րդ մեդալն է, որ իմ քաղաք Գորիս եմ բերում»,-ասում է Նարեկ Մկրտունցը՝ հավատալով, որ նոր հաղթանակներ էլի են գրանցելու։
Միլլանա Լալայան