«Փորձում են հանրային տրամադրությունները հասկանալ կամ արտաքին ազդակի են սպասում». կգնա՞ Միրզոյանը Բաքու | Region

«Փորձում են հանրային տրամադրությունները հասկանալ կամ արտաքին ազդակի են սպասում». կգնա՞ Միրզոյանը Բաքու

Հուլիս 26,2024 11:38

Երևանը դեռ չի հստակեցրել՝  Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունելու է արդյոք հրավերը մասնակցելու Ադրբեջանում կայանալիք  COP29-ը համաժողովին: Քաղաքագետ Աննա Կարապետյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշեց՝ Բաքուն այս հրավերով նպատակ ունի մարսել տալ իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքն օկուպացրել է Հայաստանի տարածքը, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և այլ գերիներ Բաքվի բանտերում են, երբ Արցախը հայաթափված է, և նույնիսկ չենք էլ խոսում այդ մարդկանց իրավունքների մասին, Ադրբեջանը խնդիր ունի ցույց տալու, որ ինքը կարող է Հայաստանի իշխանությանը հրավիրել Բաքու, և նրանք, մասնակցելով այդ միջոցառմանը, ցույց են տալու, որ այս իրավիճակում խնդիրներ չեն տեսնում և պատրաստ են ինչ-որ  հարցերում համագործակցել Բաքվի հետ»,-ընդգծեց քաղաքագետը:

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի իշխանության արձագանքը խիստ անհասկանալի է. ակնհայտ է, որ դեռևս որոշում չկա կամ փորձում են հանրային տրամադրությունները հասկանալ, կա մեկ այլ տարբերակ՝  արտաքին ինչ-որ ազդակների են սպասում, որպեսզի որոշում կայացնեն:

«Միանշանակ է, որ ցանկացած պարագայում, ցանկացած օրակագով, ցանկացած պայամաններով Հայաստանի նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը Բաքու այդ երկրի կողմից օգտագործվելու է որպես հերթական փաստարկ, որ իր վարած քաղաքականությունն արդյունավետ է, Հայաստանը ընդունում է, որ իսկապես էջը թերթել ենք, մտել ենք նոր փուլ»,-հայտարարեց Կարապետյանը:

 

Նորություններ