Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին | Region

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հուլիս 26,2024 17:10

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։

Հանդիպմանը ներկա էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել ժամանակավոր հավատարմատարին և մաղթել արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Իրաքի իշխանություններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, ԼՂ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել։

Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զորացնելու երկու երկրների համագործակցությունը։ ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ է կատարել նաև Իրաքում իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը։

 

Նորություններ