«Սա շատ ծանր մրցակցություն է, և լուրջ կասկածներ կան, թե արդյոք Քամալա Հարիսը կարող է հաղթել». քաղաքագետ | Region

«Սա շատ ծանր մրցակցություն է, և լուրջ կասկածներ կան, թե արդյոք Քամալա Հարիսը կարող է հաղթել». քաղաքագետ

Հուլիս 29,2024 15:30

Նախընտրական բանավեճում Քամալա Հարիսն ունի՞ Թրամփին հաղթելու հնարավորություն

Թրամփը մեծ աջակցություն ունի, հատկապես Ամերիկայի մի շարք խորքային նահանգներում

Ի՞նչ իրավիճակ կլինի տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, Թրամփի կամ Հարիսի օրոք

Նախագահական ընտրություններից ավելի քան 100 օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կայացրեց չառաջադրվել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում: Նա դեմոկրատական կուսակցության թեկնածու է առաջադրել Քամալա Հարիսին, որը պաշտոնապես հայտարարել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Եթե Հարիսը դեմոկրատների կողմից առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում և հաղթի նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում, նա կդառնա ԱՄՆ առաջին կին նախագահը:

Քամալա Հարիսը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 20-ին Օքլենդում, Կալիֆորնիա, ներգաղթյալների ընտանիքում։ Նա դարձավ Կալիֆոռնիայի պատմության մեջ առաջին կինը և առաջին սևամորթ քաղաքական գործիչը, որն ընտրվեց նահանգի գլխավոր դատախազ: Նա Դեմոկրատական կուսակցությունից 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների թվում էր, բայց դուրս մնաց փրայմերիզներից։ 2020 թվականի նոյեմբերի 3-ի ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Հարիսը ստանձնեց 49-րդ փոխնախագահի պաշտոնը։ Հարիսի մասին առաջին անգամ լայն հանրությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նա արձագանքեց մուսուլմանական 7 երկրներից ԱՄՆ մուտքի արգելքին, որը 2017 թվականի հունվարի 28-ին մտցվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Հարիսը ԱՄՆ-ի պատմության մեջ մտավ որպես հնդկական և կարիբյան ծագում ունեցող առաջին սևամորթ կինը, ով դարձավ փոխնախագահ:

Հրանտ Միքայելյան

«Դեմոկրատական կուսակցությունում դեռ կոնսենսուս չկա Քամալա Հարիսին աջակցելու վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, այդ կոնսենսուսը կլինի մեկ ամսվա ընթացքում»: Այս մասին REGIONSTV-ին տված հարցազրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում Հարիսի հաղթելու շանսերին, քաղաքագետը նշեց. «Քամալա Հարիսը որոշակի շանսեր ունի՝ ելնելով նրանից, որ նա ավելի երիտասարդ է, ավելի ակտիվ, միգրանտի բեքգրաունդ ունի։ Բայց միևնույն ժամանակ, նա վերջին շրջանում իր գործողություններում իրավասություն չի ցուցաբերել, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի հետ կապված հարցերում, որոնցով նա զբաղվել է։ Սակայն նախագահի պաշտոնի համար մրցակցությունը շատ կոշտ է, և լուրջ կասկածներ կան, թե արդյոք նա կարող է հաղթել»։

Ինչ վերաբերում է Քամալա Հարիսի՝ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճում հաղթելու հնարավորություններին, մեր զրուցակիցն ընդգծեց. «նա մասնակցել է դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին և պարտվել է շատ վատ ցուցանիշներով։ Ժամանակին Բայդենը մասնակցել է այդ փրայմերիզներին և հաղթել։ Այն ժամանակ նա նույնպես որոշակի հռետորաբանություն օգտագործեց, և այդ հռետորաբանությունն իրեն հաջողություն չբերեց։ Այժմ նա բանավեճի է կանչել Դոնալդ Թրամփի ճամբարից փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին, ինչը վկայում է այն մասին, որ նա բանավեճերին մասնակցելու պատրաստակամություն ունի։ Բայց Թրամփին հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի։ Թեև Թրամփը ամենաուժեղ հռետորը չէ, բայց նա արդեն բավականին լավ մարզված է և աշխատել է իր ընտրական շտաբի հետ։ Ինձ թվում է, որ Հարիսը չի կարող հաղթել, նա պարզապես սրելու է հռետորաբանությունը, բայց պարզ հռետորաբանությունը բավարար չէ։ Այն ամբողջ վատը Թրամփի մասին արդեն վաղուց ասվել է, իսկ ահա Քամալա Հարիսը, փոխաբերական իմաստով «գորշ ձիուկ» է, քիչ է հայտնի և ընտրողի համար նոր մարդ է: Բայց հենց նա պաշտոնապես դառնա նախագահի թեկնածու, կրակն արդեն կգնա նրա ուղղությամբ։ Բացի այդ, դեմոկրատական կուսակցությունը դեռևս չունի կոնսենսուս Հարիսին աջակցելու վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այդ կոնսենսուսը կլինի մեկ ամսվա ընթացքում, սակայն ամեն դեպքում ոչ բոլորն են դա լավ անցողիկ տարբերակ համարում»,-նշեց  քաղաքագետը։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակին Քամալա Հարիսի նկատմամբ՝ Հրանտ Միքայելյանը շարունակեց. «Թրամփը կարող է հաղթել։ Այսօր նա բավականին բարձր վարկանիշ ունի։ Նա կարողացավ համախմբել իր կողմնակիցներին։ Նա այն մարդն է, ով կարողացավ  ողջ մնալ իր դեմ մահափորձից հետո, մի մարդ է, ով կարողացավ դուրս գալ դատական քաշքշուկներից և մարտահրավեր նետել Հանրապետական կուսակցության վերնախավին ու հասնել լիակատար հաղթանակի: Այնուամենայնիվ, նա չհաղթեց իր ասած «խորքային պետությանը»՝ բյուրոկրատիային: Այսպիսով, ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը այս պահին ամենաիրատեսական թեկնածուն է: Թրամփը մեծ աջակցություն ունի ԱՄՆ մի շարք խորքային նահանգներում, և ես կարծում եմ, որ Թրամփը կարող է հաղթել ընտրություններում»:

«Մի կողմից կարելի է ասել, որ Հարիսի ընտրության դեպքում իրավիճակը կպահպանվի, քանի որ նա ներկայացնում է նույն վարչակազմը։ Բայց մյուս կողմից, իմ կարծիքով, նա ավելի ենթակա կլինի տարբեր ուժերի ազդեցությանը ինչպես դեմոկրատական կուսակցության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եթե Հարիսը բավականաչափ ուժեղ նախագահ լինի, եթե նա կարողանա կոնսոլիդացնել իշխանությունը, ապա, կարծում եմ, տեղի կունենա շատ էական դեէսկալացիա բոլոր ուղղություններով, հատկապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության մերձավորարեւելյան ուղղությամբ, ինչը կնվազեցնի լարվածությունը Իրանի շուրջ: Արդյունքում, Հայաստանի շուրջ, մասամբ նաև Հայաստանի ներսում աշխարհաքաղաքական դիմակայության հետ կապված իրավիճակը փոքր-ինչ կմեղմվի», – նշեց Միքայելյանը։

«Թրամփի հաղթանակի դեպքում Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է նույնիսկ սրվել և ներքաշել Իրանին, ինչը Հայաստանի համար դրական սցենար չէ։ Թրամփի օրոք Ուկրաինայում հակամարտությունը կարող է թուլանալ կամ ինչ-որ ժամանակաշրջանում ավարտվել, և դա կմեղմի իրավիճակը Հայաստանի համար։ Մեծ հարց է՝ արդյոք Թրամփը հակված կլինի գործ ունենալ Էրդողանի հետ։ Ես կարծում եմ, որ այո՛, և այդ ուղղությամբ մենք նույնպես որոշակի դժվարություններ կունենանք։ Կարծում եմ, որ եթե Դոնալդ Թրամփը փորձի Իրանի հետ հակամարտության մեջ մտնել, նա հակված կլինի սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Այս առումով Ադրբեջանն ամերիկացիներին պետք է։ Ադրբեջանը կդիտարկվի որպես պլացդարմ Իրանի դեմ: Ավելին, այժմ այդպիսի պլացդարմ կհամարվի նաև Հայաստանը, ինչը Հայաստանի համար խնդրահարույց է», – ընդգծեց Հրանտ Միքայելյանը։

 

  Զաբելա Ավագյան           

 

Նորություններ