Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին. Նաստասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նաստասինը ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքել է լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի բանակի հզորացմանը՝ հաշվի առնելով, որ ռուսական և ադրբեջանական կողմերը քննադատում են Հայաստանին պաշտպանական ոլորտում տարբեր երկրների հետ գործակցության համար:
Պաշտոնյան հերթական անգամ հայտարարել է, թե Արևմուտքի նպատակը Հարավային Կովկասում ստեղծված կապերը ոչնչացնելն ու հակառուսական գործողություններ իրականացնելն է: «Նրանք փորձում են խառնվել տարածաշրջանի գործընկերների հետ մեր հարաբերություններին, ընդ որում, հատուկ ուշադրություն է հատկացվում անվտանգության հարցին», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Անդրեյ Նաստասինը մեկ անգամ ևս պնդել է, որ «Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին։ Էսկալացիայից խուսափելու համար կոչ ենք անում Բաքվին և Երևանին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից և կենտրոնանալ Հարավային Կովկասում բարգավաճմանը կնպաստող փոխընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ»:
Նա ընդգծել է, որ այդ համատեքստում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն:
Անդրադառնալով փախստականների և Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման հարցին՝ Նաստասինը կրկնել է՝ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին: «Հենց դրան է ուղղված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը: Այն նախատեսում է նաև սոցիալական և հումանիտար հարցերի փուլային լուծում», – ընդգծել է ռուս պաշտոնյան:
Նաստասինը հրաժարվել է պատասխանել Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության մասին հարցին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա»: Նա խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Անկարային, միաժամանակ նշել, թե հենց Ռուսաստանի ջանքերով է հնարավոր եղել դադարեցնել 44-օրյա պատերազմը, իսկ 2023 թվականին կանխել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը: