«Պատերազմ չի լինում, երբ պատերազմին պատրաստ ես լինում»
Լճաշենի եւ հարակից համայնքների պատանիները մասնակցում են կարեւոր ու հետաքրքիր նախաձեռնության՝ առաջին բուժօգնության 6-օրյա դասընթացի, որն իր մեջ ներառում է տեսական ու գործնական պարապմունքներ, նաեւ իրականին մոտ վարժանքներ՝ պայմանական տուժածներով:
Այս տարածաշրջանում զարգացած է զբոսաշրջությունը, եւ ուղեկցորդների ու ջրափրկարարների մասնագիտության համար առաջնահերթ կարեւորություն ունի առաջին բուժօգնության տիրապետումը:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ի սկզբանե նպատակ ուներ արշավային զբոսավարներին ապահովել անհրաժեշտ հմտություններով: Ծրագրի առաջին փուլի ընթացքը համընկավ 44-օրյա պատերազմի հետ, եւ երիտասարդների ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ինքնաբերաբար պետք եկան ռազմի դաշտում: Ծրագրին ներգրավված 6 տղաները մասնակցեցին 44-օրյա պատերազմին եւ ողջ-առողջ վերադարձան իրենց հարազատ օջախներ:
Ընթացիկ ծրագրին մասնակցելու են Գեղարքունիքի մարզի 60 պատանիներ, որոնց թիվն ավելանում է: Վարդենիսի ու Ճամբարակի տարածաշրջանի պատանիները եւս, որտեղ սահմանամերձ բազմաթիվ համայնքներ կան, ցանկություն են հայտնել ներգրավվել պարապմունքներին: