«Պայքարել ու կասեցնել կործանում տանող թափանիվը». Բագրատ Սրբազան | Region

«Պայքարել ու կասեցնել կործանում տանող թափանիվը». Բագրատ Սրբազան

Օգոստոս 07,2024 22:16

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը գաղափարակիցների հետ այսօր Դավիթաշեն վարչական շրջանում էր, որտեղ զրուցեց երևանցիների հետ, պատասխանեց մարդկանց հուզող հարցերին։

Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցերին: «Երկու օր առաջ նեռը հանդիպել էր Բերքաբերի ժողովրդին և դարձյալ պետության ամբողջ սահմանի կառուցվածքը, պետության գոյությունը դրել էր մի քանի գյուղացիների ուսերին՝ որպես պարտավորություն ու պատասխանատվություն։ Սա խաբեություն է, երբ մարդը ամբողջ հայրենիքի գոյության պատասխանատվությունը դնում է մի քանի գյուղացիների ուսերին»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Այս հանդիպմանը ևս Սրբազանը խոսեց շարժման գաղափարից ու նպատակներից՝ ընդգծելով՝ փրկվելու այլ ճանապարհ չունի մեր երկիրը, քան պայքարել ու կասեցնել կործանում տանող թափանիվը:

«Նեռը պետք է հեռանա մեր կյանքից, չարիքը պետք է հեռանա մեր կյանքից։ Բարիքը պետք է հաղթի, բարիքի ձգտող ժողովուրդը չի կարող չարիքի պաշտամունք ունենալ։ Այդ անպետք կուռքի մասին Սուրբ Գիրքն է խոսում, որ կուռքեր սարքեցիք մարդկանց կերպարանքներով կամ այլ տեսքով և սկսեցիք պաշտել։ Եվ դա չարիքի ամենամեծ արտահայտությունն է մեր կյանքում»,-հայտարարեց նա։

Նորություններ