Կուրսկում արտակարգ դրություն է. արդեն 3-րդ օրը մարտերը շարունակվում են
Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված ուժերը, լարվածությունը պահպանվում է: Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ ուկրաինական ուժերը ռուսական բնակավայրեր են գրավել: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուս զինվորականները թույլ չեն տվել Ուկրաինայի զինված ուժերին Կուրսկի մարզում առաջխաղացում ունենալ։
Սահմանային գոտում արդեն 3-րդ օրը մարտերը շարունակվում են: Նշվում է, որ տարածաշրջան են տեղափոխվել մոտոհրաձգային ստորաբաժանումներ, «Ախմատ»-ի հատուկ նշանակության ջոկատը և «Վագներ»-ի մարտիկները։
Մարտական գործողությունների գոտուց մոտ 3 հազար մարդ է տարհանվել, 34 բնակիչ հոսպիտալացման կարիք է ունեցել, նրանցից մի քանիսը տարհանվել են Մոսկվա։ Հայտնի է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: