Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար. Վարազդատ Լալայանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը | Region

Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար. Վարազդատ Լալայանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Օգոստոս 11,2024 21:42

Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունել և ծանրորդներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ Օլիմպիական խաղերում նույնիսկ մասնակցությունն արդեն մեծ նվաճում է:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է՝ Օլիմպիական խաղերում պատահական մասնակիցներ չեն լինում. «Հպարտ ենք ձեզնով և շնորհակալ ենք մեզ պարգևած անմոռանալլի զգացողությունների համար: Վստահ եմ՝ հաջորդ մրցումներում դարձյալ բերկրանքի շատ պահեր ենք ապրելու: Ակնհայտ է՝ որևէ այլ ոլորտում չկա հաջողություն, որն այն աստիճան միավորում է, որքան՝ սպորտում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև՝ սփյուռքում: Շնորհակալ ենք նաև «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության համար, որը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելու հիանալի հնարավորություն էր»:

Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հայ համայնքի հետ հանդիպման հնարավորության համար. «Շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար: Թե՛ մարզադահլիճում, թե՛ «Հայաստանի օլիմպիական տանը» շատ մեծ ջերմություն ենք զգացել: Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Իհարկե, այստեղ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս շնորհակալություն է հայտնել աջակցության համար. «Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»:

Այնուհետև, մարզիկները լուսանկարվել են երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և շփվել նրանց հետ:

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության, Փարիզ-2024-ի ողջ ընթացքում օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումների և անվանի մարզիկների հետ հանդիպումների համար:

Նորություններ