«Մեր ականջը միշտ լարված վիճակում ա». Տավուշի տարբեր բնակավայրերում անցկացված հարցումների ամփոփումը | Region

«Մեր ականջը միշտ լարված վիճակում ա». Տավուշի տարբեր բնակավայրերում անցկացված հարցումների ամփոփումը

Օգոստոս 12,2024 19:45

«Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն,  REGIONTV-ի հետ համատեղ, իրականացնում է «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որի շրջանակներում նպատակ ունենք բարձրաձայնել մարզերում առկա խնդիրները, դրանք հանրայնացնել մարզերի բնակիչների միջոցով, շրջանառել մեդիա հարթակներում,  իշխանություններին և համապատասխան կառույցներին հասու դարձնել դրանց՝ դառնալով կամուրջ՝ բնակիչների և որոշումներ կայացնողների միջև։

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում նախապես իրականացվում են հարցումներ, որոնց միջոցով դասակարգվում են մարզային կարևորագույն խնդիրներն ըստ առաջնահերթությունների, և հարցազրույցների արդյունքների հիման վրա կազմակերպվում են դեբատ-քննարկումներ՝ համապատասխան փորձագետների, ոլորտի պատասխանատուների,  պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Նախագծի մեկնարկը տրվել է Շիրակի մարզում, որից հետո ընտրությունը կանգ առավ Տավուշի մարզի վրա՝ հաշվի առնելով արդեն առկա սահմանային անվտանգության կարևորագույն խնդիրը։

Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հարցերի բարձրացումը, կառավարության կողմից տրվող անվտանգային երաշխիքների բացակայության և հայրենիք կորցնելու վտանգի պարագայում՝ հանգեցրեց բնակիչների անհանգստության ալիքի, բողոքի ակցիաների։

Փորձելով է՛լ ավելի խորը ծանոթանալ բնակիչներին անհանգստացնող խնդիրներին՝ REGIONTV-ի նկարահանող թիմը Տավուշի մարզի 14 գյուղական և 4 քաղաքային համայնքներում ապրող բնակիչների հետ իրականացրեց 200-ից ավելի հարցազրույցներ՝ այդ թվում և սահմանամերձ բնակավայրերում։

Բանավեճ–քննարկման թեմա ընտրելով անվտանգությունը, նախագիծը նպատակ ուներ ստեղծել հարթակ՝ քաղաքացիների, ոլորտում որոշում կայացնող պետական կառույցների ներկայացուցիչների և  ոլորտի փորձագետների մինջև։

Հանդիպման խոսնակներն էին՝

  • Թաթուլ ՀակոբյանԼրագրող, վերլուծաբան, «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի հիմնադիր
  • Սամվել ՄելիքսեթյանՔաղաքագետ
  • Սմբատ Ղահրամանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական
  • Արմեն ԿարապետյանՀՀ ՆԳՆ Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
  • Գագիկ ՄատինյանՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ
  • Նիկոլայ Գրիգորյան – «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և «Տավուշ Մեդիայի» խորհրդի նախագահ

Բանավեճ–քննարկմանը ներկա էին նաև վարչական ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ և այլոք։

Բանավեճ-քննարկումը կայացել է հուլիսի 19-ին՝ Իջևան քաղաքում։

Նորություններ