Գեղամն ամեն ինչ տվեց Հայրենիքին. մորը խոստացել էր ամուսնանալ… չհասցրեց | Region

Գեղամն ամեն ինչ տվեց Հայրենիքին. մորը խոստացել էր ամուսնանալ… չհասցրեց

Օգոստոս 14,2023 18:47

Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը ծնվել է 1992թ. մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության է անցել Արա լեռի զորամասում, հակատանկային դիվիզիոնում։

2016թ.ին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, պատվով կատարել իր առջև դրված ռազմական խնդիրները։

44-օրյա պատերազմին մասնակցել է առաջին օրվանից: Կռվել է թեժ կետերում՝ անընդհատ կրկնելով իր հայտնի արտահայտությունը. «անգամ մի թիզ հող չունե՛նք թշնամուն զիջելու»։

Գեղամի հայրը՝ Մարտիկ Մարտիրոսյանը, արցախյան ազատամարտի մասնակից է, եղբայրը եւս պատերազմի մասնակից է:

Ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է հերոսի մայրը՝ Սիրուհի Ղուկասյանը, Գեղամը փոքրուց դաստիարակվել է հայրենասիրական ոգով, նվիրվել զինվորական գործին՝ կողքի դնելով անձնականը: Չհասցրեց ամուսնանալ և անավարտ թողեց հայրական տան շինարարությունը:

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար Գեղամ Մարտիրոսյանը պատերազմի 3-րդ օրն արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Մարտական ուղի է անցել ամբողջ հարավով՝ Արա լեռից մինչ Հորադիզ՝ մասնակցելով ամենաթեժ մարտերին՝ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով։

Հոկտեմբերի 2-ին անվրեպ կրակոցով խոցել և ոչնչացրել է թշնամու 7 տանկ, ստացել է «Անվրեպ Գեղամ» մականունը։

Կապիտան Գեղամ Մարտիրոսյանն իր 4 զինվորների հետ անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում մարտական կարևոր առաջադրանք կատարելիս։ Մարմինը գտնվել է ամիսներ անց՝ դեկտեմբերի 8-ին, հողին է հանձնվել փետրվարի 28-ին հայրենի գյուղում։ Հետմահու արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալի։

Նորություններ