Ցինցինատի. Էլինա Ավանեսյանը դուրս է եկել երկրորդ շրջան՝ հաղթելով կանադացի մարզուհուն
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA 1000 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է աշխարհի 166-րդ ռակետ Բիանկա Անդրեեսկուին։ Հանդիպումն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով։ Ավանեսյանը, որը նոր է փոխել քաղաքացիությունը, երկրորդ հանդիպումն է անցկացրել ՀՀ դրոշի ներքո:
Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։ Այդ ընթացքում Ավանեսյանը կատարել է երկու էյս և թույլ տվել մեկ կրկնակի սխալ, ինչպես նաև ինը բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը:
Հաջորդ տուրում Ավանեսյանի մրցակիցը կլինի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Անցյալ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուչովային: