Ֆորմալ խախտում չկա, բայց ագրեսիվ տոնն ու բառապաշարը խնդրահարույց են․ «Ազատ շփում Գնել Սարգսյանի» հետ հաղորդման առնչությամբ ԴՄ եզրակացությունը | Region

Ֆորմալ խախտում չկա, բայց ագրեսիվ տոնն ու բառապաշարը խնդրահարույց են․ «Ազատ շփում Գնել Սարգսյանի» հետ հաղորդման առնչությամբ ԴՄ եզրակացությունը

Օգոստոս 15,2024 12:31

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի մի քանի հաղորդումներում հնչած մտքերի վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից (ՀՌՀ) ստացված դիմումի կապակցությամբ։

Ուսումնասիրելով 2024թ․ մայիսի 21-ի եւ մայիսի 25-ի հաղորդումներում հնչած արտահայտությունները՝ Դիտորդ մարմինն արձանագրել է, որ ՀՌՀ առանձնացրած հատվածներում հաղորդավարի կողմից Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի դրույթների խախտում ֆորմալ առումով չկա, թեեւ շատ մոտ է եղել դրանք խախտելու սահմանագծին։

ԴՄ-ն նկատել է, որ հաղորդավարն իր դեմքի քամահրական արտահայտությամբ, ագրեսիվ ժեստիկուլյացիայով ու խրատական տոնայնությամբ անթաքույց հակակրանք է արտահայտում այն գործիչների հանդեպ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են իր պատկերացումներից։ Հաղորդավարը թիրախավորում է ոչ իշխանամետ որոշ գործիչների եւ նրանց մասին իր անձնական կարծիքն ու գնահատողական բնույթի դատողությունները (որոնք թույլատրելի են) զուգակցում է այդ գործիչների անձը, գործողությունները, գաղափարները վարկաբեկող խոսույթով, ինչը հարիր չէ մեդիաարժեքներին։ Գնել Սարգսյանն իր ամբողջ պահվածքով ագրեսիա է դրսեւորում այն անձանց հասցեին, որոնք այդ նույն հաղորդաշարում պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն չունեն՝ տվյալ հեռուստաժանրի (հեռուստամենախոսություն) կանոնների համաձայն։ Իր կարծիքն արտահայտելիս, իր գնահատականները շարադրելիս Գնել Սարգսյանն իր պատկերացումներն արտահայտում է լրատվության ստանդարտներին ոչ հարիր եղանակներով՝ ոչ քաղաքակիրթ բառապաշարով, քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, իր համար անցանկալի գործիչների անձը նվաստացնող ակնարկներով։ Սա հարիր չէ որակյալ լրագրության արժեքներին։

ՀՌՀ-ից ստանալով վերոնշյալ թողարկումներին վերաբերող դիմումը, ինչպես նաեւ քննարկելով այդ հաղորդաշարի եւ հաղորդավարի առնչությամբ ԴՄ անդամներին փոխանցված բանավոր բազմաթիվ բողոքները՝ Դիտորդ մարմինը պատահական ընտրությամբ ուսումնասիրել է «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի որոշ թողարկումներ, որոնց առնչությամբ մոտ ապագայում կլինի ԴՄ հատուկ հրապարակային անդրադարձը։

ԴՄ եզրակացությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով

Նորություններ