Սահմանամերձ բնակավայրերի մասին պատմող լրագրողներն այդ գյուղերի բնակիչներ են | Region

Սահմանամերձ բնակավայրերի մասին պատմող լրագրողներն այդ գյուղերի բնակիչներ են

Օգոստոս 15,2024 19:00

«Թիմ Ռեսուրս» ՀԿ-ի նախագիծն ամփոփվեց, սկսնակ լրագրողներից լավագույնները պարգևատրվեցին.

Շրջելով Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերով, REGIONSTV-ի տեսախցիկը բազմիցս արձանագրել է խոշոր քաղաքներից հեռու գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների ծանր վիճակը, կենցաղային տարրական պայմաններից զուրկ ապրելակերպն ու սոցիալական դժվար կենցաղը: Այս գյուղերը ժամանակի ընթացքում ծերանում են, հետո կամաց-կամաց դատարկվում, քանի որ երիտասարդությունը հիմնականում ստիպված՝ հեռանում է գյուղերից։ Գյուղերում ապրող և աշխատող լրագրողները շատ քիչ են, մեդիա կառույցներ՝ գրեթե չկան, ինչի հետևանքով, մարզերում առկա բազմաթիվ խնդիրներ՝ մնում են թերի լուսաբանված կամ անտեսված:

Այս ամենը հաշվի առնելով, «Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն REGIONSTV-ի հետ համատեղ սկիզբ դրեց մի նախագծի, որի նպատակն էր մարզերում պատրաստել գործող լրագրողների, ովքեր կսովորեն մոբայլ լրագրության արդի գործիքներով աշխատելու հմտություններ և կարողություններ և դրանք կկիրառեն իրենց բնակավայրերում առկա խնդիրներն ու  առաջնահերթությունները վեր հանելու, դրանք բարձրաձայնելու նպատակով:

Լրագրողական դասընթացներից ու սկսնակ լրագրողների հետ եռամսյա աշխատանքից հետո, Գյումրիում կայացավ լավագույն լրագրողական նյութերի մրցանակաբաշխություն: Լավագույն նյութերի հեղինակները պարգևատրվեցին: Նրանցից ոմանք առաջիկայում արդեն կհամալրեն REGIONSTV-ի լրագրողական թիմը:

Նախագիծն իրականացվեց Free Press Unlimited-ի, IMS-ի և EED-ի աջակցությամբ, մրցանակաբաշխությանը մասնակցում էին ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանց թվում էր՝ փորձառու լրագրող և փորձագետ Մարիա Սադովսկայա-Կոմլաչը:

 

Նորություններ