Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ համաժողովը ժամանակով հարմարեցված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այն նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, դրա զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։
«Համաժողովի նպատակը Եվրասիական տարածքում առևտրական կապերի կատարելագործումն է: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, Միության երկրների պետական մարմինների, ինչպես նաև երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում»,- նշել են մամուլի ծառայությունից։
Համաժողովի ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» թեմայով։
Քննարկումների ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։
Օգոստոսի 15-ին Հայաստանի փոխվարչապետ, ԵՏՀ Խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առցանց ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համաժողով – 2024-ի կազմկոմիտեի նիստ։ Դրան մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի, ԵԱՏՄ երկրների նախարարությունների և գերատեսչությունների անդամները։
Եվրասիական տնտեսական համաժողովը տնտեսական ոլորտում միության ամենամյա բիզնես միջոցառումն է։ Այն անցկացվում է հերթականությամբ միության մարմինները նախագահող ԵԱՏՄ երկրներից մեկում։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Հայաստանը։