Մովսես Քեշիշյան. Իրեն հարգող ցանկացած պետություն չի կարող ներել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը թիրախավորած шգրեսորին և անպայման պատասխան հարված կհասցնի հարմար պահին ու հարմար եղանակով | Region

Մովսես Քեշիշյան. Իրեն հարգող ցանկացած պետություն չի կարող ներել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը թիրախավորած шգրեսորին և անպայման պատասխան հարված կհասցնի հարմար պահին ու հարմար եղանակով

Օգոստոս 18,2024 15:45

– Քաթարում ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել Գազայում զինադադարի առաջարկի նոր տարբերակը։

– Իրանը հետաձգել է հարվածն Իսրայելին՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար:

– Իսրայելը ժամանակավորապես կամ ընդմիշտ հետ է կանչել իր զինվորներին Ադրբեջանից՝ վախենալով Իրանի հնարավոր հարձակումից:

– Իրանը լուրջ և շատերին անհրաժեշտ տարածաշրջանային խաղացող է։

Օգոստոսի 15-16-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հաշտության բանակցություններ են տեղի ունեցել:

Ենթադրվում էր, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի շուրջ երկօրյա բանակցությունները ոչ միայն կթուլացնեն լարվածությունը Իսրայելի և Իրանի միջև, այլև կարող են որոշել ամբողջ Մերձավոր Արևելքի ապագան:

Հարկ է նշել, որ այն բանից հետո, երբ հուլիսի 31-ին Թեհրան կատարած այցի ժամանակ սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում էր աճել: Իրանը խոստացել է վրեժ լուծել Իսրայելից Հանիայի սպանության համար։ Իսլամական Հանրապետությունն, ըստ երևույթին, հետաձգել է հարձակումը Իսրայելի վրա, որպեսզի ժամանակ տա միջնորդներին՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների համար:

REGIONSTV-ին տված հարցազրույցում Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը նշում է․ «ՀԱՄԱՍ-ը գոհ չէ Դոհայի բանակցություններից և հրաժարվել Է ընդունել Գազայում զինադադարի վերաբերյալ գործարքի նոր տարբերակը։ Պաղեստինյան շարժման ներկայացուցիչների կարծիքով՝ վիճելի կետերը մնացել են չլուծված։  Մասնավորապես, խոսքը Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման և մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի հաստատման պահանջի մասին է: Նեթանյահուն փորձում է հնարավորինս հետաձգել հրադադարը՝ առաջ քաշելով նոր պայմաններ։  Նեթանյահուն գործում է բացառապես իր քաղաքական շահերից ելնելով և ձգտում է ձգձգել պատերազմը՝ իր պաշտոնը պահպանելու հույսով»։

Մովսես Քեշիշյանը նաև նշել է, որ․

«Իրանը չի մասնակցում այդ բանակցություններին, և ԱԳՆ-ն պաշտոնապես և շատ հստակ հայտարարել է այդ մասին՝ ընդգծելով, որ «չի մասնակցում և չի մասնակցելու այդ բանակցություններին»: Եվ եթե Իրանը չմասնակցի այդ բանակցություններին, բնականաբար, նա պարտադրանքի զոհ չի դառնա։ Բայց միևնույն ժամանակ հիշեցնեմ, որ նախագահ Պեզեշկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը պատերազմի չի ձգտում։  Սակայն չի կարող անտարբեր մնալ Իսրայելի կողմից Գազայում շարունակվող հարձակողական գործողությունների նկատմամբ։ Կարելի է ենթադրել, որ Թեհրանը հասկացրել է, որ կարող է վերանայել Իսրայելի վրա հարձակման իր մոտեցումը, եթե Գազայի հատվածում հրադադար հայտարարվի:

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ համագործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշումներին և միջազգային դրույթներին համապատասխան՝ իրավունք ունի պատասխանել ագրեսորներին․ «Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև իշխանության գալու պահին նախագահ Պեզեշքիանը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր կողմերի հետ, իհարկե, եթե այդ կողմերը հարգեն Իրանի իրավունքները և չփորձեն Թեհրանի հետ խոսել թելադրանքի լեզվով։  Կարծում եմ, որ իրեն հարգող ցանկացած պետություն չի կարող ներել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը թիրախավորող ագրեսորին և անպայման պատասխան հարված կհասցնի հարմար պահի և հարմար եղանակով, որպեսզի հարձակվող կողմին ստիպի համոզվել, թե ինչ կլինի իր հետ, այլ պետության սահմաններն ու իրավունքները խախտելու դեպքում»։

Wall Street Journall-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն հանել Է Սաուդյան Արաբիայի հանդեպ մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը և առաջիկա ամիսներին կմատակարարի 3 հազար փոքր տրամագծի ռումբ և 7,5 հազար բարձր ճշգրտության կառավարվող Paveway IV ռումբ: Մեր հարցին, թե արդյոք արգելքի վերացումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի, Մովսես Քեշիշյանը պատասխանել է․ «Այս շրջանում Մերձավոր Արևելքում լարվածության ստեղծումը՝ չի բխում Միացյալ Նահանգների շահերից, և Վաշինգտոնն ամեն ինչ անելու է, որպեսզի տարածաշրջանը հնարավորինս խաղաղ մնա, հենց այդ նպատակով էլ Եգիպտոսի և Քաթարի հետ փորձում է լուծել Գազայի խնդիրը, որը լարվածության միտում է դրսևորում։  Սակայն, մյուս կողմից, ԱՄՆ-ն պարտավոր է շահել արաբական երկրների և, առաջին հերթին, այնպիսի ազդեցիկ երկրների վստահությունը, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, ինչին հասնելու համար վերացվում է զենքի վաճառքի արգելքը»:

Մեկնաբանելով իսրայելցի ռազմական վերլուծաբան Դավիթ Գենդելմանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը գրեթե առանց մի կրակոցի ռազմավարական հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ՝ Մովսես Քեշիշյանն ընդգծում է․ «Իսրայելից հաճախ հակասական հայտարարություններ են հնչում։ Իսմայիլ Հանիայի մահվանն ի պատասխան, Իրանի կողմից Իսրայելին հարվածելու միլիոնավոր իսրայելցիների սպասումը վերածվեց մեծ հոգեբանական պատերազմի։ Ինչպես ասում են իրանցիները, մահվան սպասումն ավելի ծանր է, քան բուն մահը, և իրանցիներն այդ սպասումն իրենց համար համարում են ռազմավարական ձեռքբերում: Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանը կարողացավ դուրս գալ Իսրայելի դեմ՝ առանց հարձակվելու նրա վրա։  Մեր ունեցած տեղեկություններով՝ Իսրայելը ժամանակավորապես կամ ընդմիշտ Ադրբեջանից հետ է կանչել իր զինվորներին՝ վախենալով Իրանի հնարավոր հարձակումից: Հիշեցնեմ, որ նախագահ Պեզեշկիյանի անունից հայտարարություն է արվել, որ Իսրայելին ուղղակի հարվածելու փոխարեն կարելի է հարվածել հարևան երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում գործող իսրայելական բազաներին կամ նրանց շահերը ներկայացնող կառույցներին։  Չնայած ադրբեջանական ԶԼՄ-ները ևս խոսել են այդ հայտարարության մասին, Նախագահ Պեզեշկյանն այն ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Սակայն այսօր Իսլամական Հանրապետությունը հզոր տերություն է, որի շահերի ու առաջարկների հետ դժվար է հաշվի չնստել։ Իրանը վերածվել է լուրջ և շատերին անհրաժեշտ տարածաշրջանային խաղացողի։ Մենք ականատես ենք լինում Իրանի մեծությանը համաշխարհային տերությունների ֆոնին, որոնք ժամանակին փորձել են մարտահրավեր նետել նրան։ Այն ժամանակները, երբ այդ ուժերն Իրանի հետ խոսում էին սպառնալիքների լեզվով, անցյալում են։ Իսկ հիմա նրանք շատ ավելի զուսպ և զգուշավոր մոտեցում են ցուցաբերում՝ գիտակցելով Իրանի ուժն ու ազդեցությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս։ Վերջին օրերին եվրոպական շատ երկրների առաջնորդներ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցներում ընդգծել են, որ ցանկանում են բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ: Լուրեր են շրջանառվում նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև գաղտնի բանակցությունների մասին: Արաբական որոշ երկրներ նույնպես սկսել են վերանայել իրենց հարաբերությունները Իրանի հետ։ Եվ նույնիսկ հավաքական Արևմուտքը սկսեց որոշակի փոփոխություններ մտցնել Իսրայելի հետ իր հարաբերություններում»։

Նշենք, որ Գազայում հրադադարի ապահովմանն ու միջտարածաշրջանային հակամարտության կանխմանն ուղղված բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-ին Կահիրեում:

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ