Ամառային Օլիմպիական խաղերն ավարտվեցին. Օլիմպիադա-2024-ի ուշագրավ իրադարձությունները
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեցին Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Մեդալային աղյուսակը գլխավորեց ԱՄՆ-ի հավաքականը: Ամերիկացի մարզիկները նվաճեցին 126 մեդալ, որից 40-ը՝ ոսկե։ Չնայած Չինաստանը նույնպես ունի 40 ոսկե մեդալ, բայց երկրորդ տեղում է, քանի որ մեդալների ընդհանուր թիվն ավելի քիչ է՝ 91։
Օգոստոսի 11-ի առավոտյան՝ խաղերի վերջին օրը, Չինաստանն առաջատար էր ոսկե մեդալների քանակով։ Չինաստանն ուներ 39, իսկ ԱՄՆ-ն՝ 38 ոսկե մեդալ: ԱՄՆ-ի ոսկիների թիվը հավասարվեց կանանց բասկետբոլի թիմի հաղթանակի շնորհիվ, որի անդամներից մեկը 33-ամյա Բրիթնի Գրեյներն է, որն ազատ էր արձակվել ռուսական բանտից՝ 2022 թվականին կալանավորների փոխանակման արդյունքում:
Երրորդ տեղում է Ճապոնիան՝ 20 ոսկե և ընդհանուր թվով՝ 45 մեդալով, իսկ Հայաստանը՝ վաթսունվեցերորդ տեղում է՝ երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալով։
Այսպիսով, Հայաստանի 15 ներկայացուցիչներից չորսը հայրենիք վերադարձան մեդալներով․
• Ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը բարձրացրեց 467 կգ և ծանրամարտում նվաճեց արծաթե մեդալ։
- Արթուր Ալեքսանյանը («Սպիտակ արջ») արծաթե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտում։
- Արթուր Դավթյանը մարմնամարզություն մարզաձևում արժանացավ արծաթե մեդալի.
- Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ ստացավ։Արդյունքում, Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի համար դարձան պատմության մեջ երրորդ ամենահաջող խաղերը։
Փարիզի օլիմպիական խաղերի գլխավոր հերոսը, համենայն դեպս, ֆրանսիացիների կարծիքով, լողորդ Լեոն Մարշանդն էր։ Նա ոչ միայն ստացավ խաղերի ամենաշատ ոսկե մեդալները, այլև գերազանցեց ամերիկացի Մայքլ Ֆլեփսի օլիմպիական ռեկորդներից մի քանիսը։
Հանդիսատեսն առանձնացրեց նաև մարմնամարզուհի Սիմոն Բայլսին. Օլիմպիական քառակի չեմպիոնը հայրենիք է վերադարձել երեք ոսկե մեդալով։ Նախորդ Օլիմպիական խաղերում նրա անհաջողությունից հետո, որտեղ նա ոչ մի ոսկի չէր վաստակել, այս անգամ, Փարիզում նրա ելույթն ակնառու տպավորիչ էր։
Սակայն պետք է նշել, որ օլիմպիական խաղերն առանց սկանդալի չանցան. մասնավորապես, բավականին լուրջ քննադատությունների արժանացավ բացման արարողությունը։ Համարներից մեկում, ըստ RBC-ի, «Վերջին ընթրիքի» մեջ Հիսուսին և իր աշակերտներին պատկերել էին «մորուքավոր կինը և կնոջ հագուստներով տղամարդիկ», իսկ համարի վերջում՝ բեմում հայտնվեց կապույտ ներկված գրեթե մերկ տղամարդը։
Արարողության ավարտից անմիջապես հետո կրոնական առաջնորդները, քաղաքական գործիչները և որոշ պետությունների ղեկավարներ՝ դատապարտեցին հատկապես այդ համարը: Սոցցանցերում սցենարիստի դեմ նույնիսկ սպառնալիքներ հնչեցին, և ռեժիսորը, կազմկոմիտեն և դերասանները ստիպված եղան ներողություն խնդրել։
Ավելին, սկանդալին ավելացավ գենդերային խնդիրը. թեև 2023 թվականին ԲՄԱ-ն(Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան), կենսաքիմիական գենդերային թեստի արդյունքում որակազրկել էր բռնցքամարտիկներ՝ ալժիրցի Իման Խելիֆին և թայվանցի Լին Յութինգին, ՄՕԿ-ը նրանց թույլ էր տվել մասնակցել Օլիմպիական խաղերին և հանդես գալ կանանց բռնցքամարտի մրցաշարում: Շատերը դատապարտեցին ՄՕԿ-ի այս որոշումը, ներառյալ կին բռնցքամարտիկները, ովքեր հրաժարվեցին ռինգ դուրս գալ «կենսաբանական տղամարդկանց» դեմ, ինչպես նաև այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Չնայած այս սկանդալներին, Օլիմպիական խաղերը հեռուստադիտողներին ու հանրությանը կարողացան ցույց տալ սպորտի միավորող ուժը: Փակման արարողության ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ընդգծեց հատկապես այն փաստը, որ թեև մենք ապրում ենք փխրուն աշխարհում, այնուամենայնիվ, Օլիմպիական ավանում մարզիկները միասին ու խաղաղ ապրեցին մեկ հարկի տակ՝ միմյանց ոգեշնչելով և փոխադարձ հարգանքով, անգամ եթե նրանց երկրները պատերազմում կամ միմյանց հետ հակամարտության մեջ են: Իսկ շոուի ռեժիսոր Թոմաս Ջոլին նշել է, որ «մարդկությունը գեղեցիկ է, երբ միավորվում է»։
Հաջորդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2028 թվականին՝ Լոս Անջելեսում։ Օլիմպիադայի փակման արարողությունն ավարտվեց շքեղ շոու-ծրագրով, որի ժամանակ ֆրանսիացիներն օլիմպիական դրոշը հանձնեցին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին։