Բաքուն արգելել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ քվեարկած պատգամավորների մուտքը | Region

Բաքուն արգելել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ քվեարկած պատգամավորների մուտքը

Օգոստոս 27,2024 11:10

ԵԽԽՎում Ադրբեջանին դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «անցանկալի անձանց» ցուցակում

ԵԽԽՎն Ադրբեջանին կոչ է արել ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պաշտպանել նրանց իրավունքները

ԵԽԽՎ պատգամավորները հրաժարվել են մինչև տարեվերջ վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած պատգամավորները Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել: Մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, նրանց չի թույլատրվի մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ինչպես տեղեկացնում է Oxu.Az-ը, այս մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ անդամ, գերմանական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի արտահայտությունները։ Օգոստոսի 23-ին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ անդամակցել Եվրոպայի խորհրդին, քանի որ այդ երկիրը չի հարգում կազմակերպության արժեքները: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կրկին ԵԽԽՎ դիտորդներին չի հրավիրել Միլի մեջլիսի ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 1-ին: Բացի այդ, Շվաբեն հայտարարել է Ադրբեջանում COP29 միջազգային կլիմայական համաժողովի անցկացման ընթացքում երկիր այցելելու իր մտադրության մասին:

Հաջիզադեն Շվաբեի հայտարարությունները կողմնակալ և կեղծ է անվանել: Դիվանագետի խոսքով՝ Շվաբեին քաջ հայտնի է, որ միակ պատճառը, որ ԵԽԽՎ ներկայացուցիչներին չեն հրավիրել Միլի մեջլիսի ընտրություններին հետևելու, այն է, որ չնայած քաղաքական մակարդակով, այդ թվում՝ գերմանացի պաշտոնյաների կողմից տրված խոստումներին, ադրբեջանական պատվիրակության մանդատը մինչ օրս չի վերականգնվել:

Ինչ վերաբերում է Շվաբեի՝ Ադրբեջան այցելելու ցանկությանը, ապա Հաջիզադեի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության դեմ քվեարկածները ներառվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում: «Մինչև ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումը, նշված անձանց չի թույլատրվի մուտք գործել Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարի 24-ին որոշել էր չվավերացնել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: ԵԽԽՎ բանաձևի ընդունման առիթը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն էր, որը պայմանավորված էր «սեպտեմբերի 19-ին ադրբեջանական իշխանությունների չհայտարարված որոշմամբ՝ իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունը տապալելու նպատակով»: Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Զեկուցողների գնահատմամբ՝ Ադրբեջանը չի ճանաչել այն լուրջ հումանիտար հետևանքները, որոնց հանգեցրել է 2022 թվականին Լաչինի միջանցքի շրջափակումը։ ԵԽԽՎ-ն դատապարտել է նաև 2023 թ,-ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Արցախի ողջ հայ բնակչության արտագաղթին Հայաստան, ինչպես նաև էթնիկ զտումների մեղադրանքները։

Ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցվել են ճնշող մեծամասնության ձայներով՝ կողմ են քվեարկել 90 պատգամավորից 76–ը: Դեմ են եղել 10-ը (9 թուրք պատգամավոր + 1-ը Ալբանիայից), ևս 4-ը (2 պատգամավոր Շվեյցարիայից, մեկը Նորվեգիայից և մեկը Բոսնիա և Հերցեգովինայից) ձեռնպահ են մնացել:

Գերմանական պատվիրակության անդամ, պատգամավոր Ֆրանկ Շվաբեն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Որպես հիմնավորում՝ Շվաբեն ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, ինչպես նաև այն փաստը, որ Վեհաժողովի զեկուցողները 2023 թվականի ընթացքում առնվազն երեք անգամ չեն կարողացել այցելել Ադրբեջան։ Ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու լրացուցիչ առիթ է դարձել այն, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ին չի հրավիրել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրությունները դիտարկելու համար:

Իր բանաձևում ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել ոչ երկիմաստ, անկեղծ և անհապաղ գործողություններ, որոնք ուղղված են հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելուն և նրանց իրավունքները պաշտպանելուն: Ադրբեջանական իշխանությունները պետք է ցույց տան իրենց ցանկությունը՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության ողբերգական ելքը չպետք է ընկալվի որպես նոր իրականություն, Ադրբեջանի համար դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու և իր բարի կամքն ապացուցելու համար, – ընդգծվում է ԵԽԽՎ բանաձևում: Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ձերբակալված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, որպեսզի ցույց տա հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու իր պատրաստակամությունը:

Այսպիսով, Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաներ, օրենքի գերակայության սկզբունքը, ազգային փոքրամասնությունների իրավունքները, և այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ն ժամանակ է տվել խախտումների շտկման համար: Բայց Բաքուն ոչինչ չի արել հայերին Արցախ վերադարձնելու համար, համապատասխան պայմաններ չի ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Փորձագետների կարծիքով, եթե Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում չշտկի իրավիճակը, ապա կզրկվի Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, քանի որ Բաքուն ոչ թե պարզապես չի կատարում, այլ կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է գնալ հակամարտության սրման ճանապարհով։

Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանի հեռացման դեպքում Արևմուտքի պատժամիջոցները Բաքվի դեմ կահագնանան։ Իսկ եթե Ադրբեջանն այս տարվա ընթացքում շարունակի իրագործել իր ագրեսիվ մտադրությունները, ապա նրան սպասվում է մեկուսացում:

Զաբելա Ավագյան

Նորություններ