ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ. ԱԺ-ն նոր պատգամավոր ունի
Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ:
Գրանցվեց 84 պատգամավոր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրվել է Արմենուհի Ղազարյանին։ Նիստի մեկնարկին ՔՊ-ական պատգամավորն երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:
Արմենուհի Ղազարյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել էր ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Նշանի Ղազարյանին։
Նշենք, որ Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։