Էրեբունի ԲԿ-ում փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել | Region

Էրեբունի ԲԿ-ում փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել

Սեպտեմբեր 09,2024 22:01

Էրեբունի ԲԿ-ում փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա, հղիության հենց սկզբից այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն՝ տնօրեն Անդրանիկ Պողոսյանի մոտ: Բժիշկը վստահեցրել էր, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հղիությունը պահպանվի և հասնի բարեհաջող ավարտին:

Նախ կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, գնահատվել են բոլոր ռիսկերը, նեղ մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է հղիության հետագա վարման մարտավարությունը: Երիկամային խնդիրները կանխարգելելու նպատակով հղին մշտական կապի մեջ է եղել փոխպատվաստումն իրականացրած բուժհաստատության՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկների և «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգ Կարինե Իսրայելյանի հետ: Համատեղ աշխատանքի, մասնագիտական մեծ ներուժի շնորհիվ հնարավոր է եղել հղիությունը հասցնել մինչև 30 շաբաթական, որից հետո որոշվել է կատարել կեսարյան հատում:

Որքան ռիսկային էր հղիության ընթացքը, նույնքան ռիսկային էր նաև վիրահատությունը: Այն իրականացրել են ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Խաչատրյանը, անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարինե Պետրոսյանը: Ծնվել է 1կգ 650 գրամ քաշով, 40 սմ հասակով աղջիկ: Հաշվի առնելով, որ փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ, փոքր քաշով՝ տեղափոխվել է նորածնային բաժանմունք, որտեղ հսկողությունն իրականացրել է բաժանմունքի նեոնատոլոգ Արուսյակ Այվազյանը: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ իրականացվել են նորածնի կյանքի և առողջության պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջամտությունները:

Այս դեպքը եզակի է իր տեսակով, քանի որ հաճախ երիկամային խնդիրների, հատկապես փոխպատվաստման դեպքում հղիությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ընդհուպ՝ կյանքի սպառնալիք դառնալ:

Սակայն բժիշկների ճիշտ կողմնորոշման, գրագետ թիմային աշխատանքի, բժշկական կենտրոնի լուրջ հնարավորությունների շնորհիվ հղիությունը ցանկալի ավարտին է հասցվել: Մայրիկը և բալիկը ողջ և առողջ տուն են գնացել:

Նորություններ