Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան
Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։
Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ՝ ներկայացնելով աշխատակարգ-համաձայնագիրը։
Այցի շրջանակներում կստորագրվի Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին (խմբ․ համաձայնագիրը սեպտեմբերի 11-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից) կից աշխատակարգ-համաձայնագիրը։
Ըստ Մինասյանի՝ աշխատակարգը հնարավորություն է տալու Հայաստանի իրավապահ համակարգին մասնակցել Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին։