«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ»․Նիկոլ Փաշինյան
«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ։ Մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Այս հարցը նաեւ անվտանգության խորհրդում է քննարկվել»,-այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել է հանձնարարականներ՝ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները պետք է վերանայել, քանի որ այն մեթոդաբանությունները, որոնցով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։
«Նոր մեթոդների կիրառությամբ՝ մենք արդեն որոշակի ոչ մեծ արդյունքներ կան։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում շատացել է օրինական զենքի քանակը, պետք է հասկանալ, թե որքանով է զենքի ձեռքբերումն օրինակելի հանդուրժող հասարակություն ունենալու տեսանկյունից։
Մինչ այդ կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է՝ Հայաստանում այս տարվա 8 ամիսների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 17,8%-ով աճել է։ Նրա ներկայացմամբ՝ մտահոգիչ է, որ աճել են զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։