Ինչո՞ւ է ուշանում առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի ներդրումը․պարզաբանում է նախարարը | Region

Ինչո՞ւ է ուշանում առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի ներդրումը․պարզաբանում է նախարարը

Սեպտեմբեր 19,2024 15:16

Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը ձգձգվում է։  Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի ուշացումներին, ասաց՝ փաթեթն աշխատանքային կարգով վերջին 2-3 ամիսների ընթացքում մեծ շրջափուլ է անցել, այն ավարտվել է և ուղարկվել Կառավարություն․«Սպասում ենք, որ պիտի կոմիտեում քննարկվի, իսկ կառավարության հավանությանն արժանանալու պարագայում կգնա Ազգային ժողով։ Օրենսդրական փաթեթն այս պահին կառավարությունում է»:

Նախարարի ներկայացմամբ՝ համակարգն ընդհանուր առմամբ 3 տարվա ընթացքում պետք է ներդրվի, առաջին փուլը վերաբերում է միայն այսօր պետական պատվեր ստացող և սոցիալական խմբերում ներառված քաղաքացիներին ապահովագրելուն։

Թե ինչու է ուշանում առաջին փուլի ներդրումը, Ավանեսյանն այսպես պարզաբանեց՝ շատ մեծ աշխատանք է կատարվում համաձայնեցումների մասով բժշկական կենտրոնների, պացիենտների, ասոցիացիաների, մասնագիտական խմբերի հետ։

Նախարարի խոսքով․«Մեր նպատակն է, որ քաղաքացիներն ապահովագրված լինեն և երբ ունենան կանխարգելման, սքրինինգի, հետազոտման, վիրահատության կարիք, ստիպված չլինեն այդ պահին վճարել, այլ փոքր վճարումներով ապահովեն դա»։

Հիշեցնենք, 2023 թվականի փետրվարի 2-ին կառավարության նիստում հաստատվեց  առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը։ Նախատեսված էր, որում է, որ այս  տարվանից ապահովագրական համակարգին միանալու են սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին՝ բնակչության 95%-ը։

Նորություններ