Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով | Region

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Սեպտեմբեր 21,2024 14:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում  Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:

***

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:

***

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։

***

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

***

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության՝ Անկախության տոնի առթիվ։

Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։

***

Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի,  քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։

***

Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձում նշված է.

«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի  Հանրապետության ազգային օրվա առիթով:

Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»:

Նորություններ